Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/365

Այս էջը հաստատված է

մի հաստ շալով, ծածկվեցավ իր կապտագույն չադրայի մեջ և դուրս գնաց։ Տիկինը մնաց միայնակ աղախնի սենյակում, գրկած ունենալով երեխան մայրական կուրծքի վրա, որը այդ միջոցին սաստիկ բաբախում էր։ Երեխան այժմ ավելի անհանգիստ էր, գտնվում էր ջերմի մեջ, և երբեմն ամբողջ մարմնով ցնցվում էր, կարծես աղախնի անգութ մատները կրկին սեղմվում էին նրա կոկորդի վրա։ Եթե նա գիտենար իր հետ պատահածը, բոլորը կպատմեր մորը. բայց ամեն ինչ կատարվեցավ նրա հետ, երբ նա քնած էր։

Կանանոցի բակում վառվում էին չորս լապտերներ միայն, որոնք տնկած էին չորս սյուների գլխին, և յուրաքանչյուրը գտնվում էր քառակուսի բակի մի անկյունում։ Հարեմների օթյակների լուսամուտներից լույս չէր երևում։ Նրանք քնած էին, թե արթուն,— հայտնի չէ, բայց որովհետև նրանց հրամայված էր «քնել», թեկուզ աշխարհն էլ տակնուվրա լիներ, պետք է ցույց տային, որ քնած են։ Ներքինին աղախնի հետ մոտեցան առաջին դռանը, կամաց բախեցին։ Դռան ետևից հարցրին.

— Գիշերվա անու՞նը։

— «Փասիան»,— պատասխանեց ներքինին հազիվ լսելի ձայնով։ Դռները բացվեցան։

Կանանոցի բակից դուրս գալով, նրանք մտան մի երկայն ծածկված դալան (կորիդոր), որ լուսավորված էր երկու լապտերներով։ Այստեղից մի դուռ տանում էր դեպի մի երկրորդ փոքրիկ բակ, որտեղ էր կանանոցի խոհանոցը։ Այդ դռնից անցնելու համար դարձյալ նույն հարցը և պատասխանը տրվեցավ։ Այսպես նրանք անցան մի քանի բակեր, մի քանի դալաններ, մինչև դուրս եկան խանի պալատի լաբիրինթոսից։

Դրսում տիրում էր խավար, իսկ բերդի փողոցների մեջ աղմուկ և իրարանցում։ Մարդիկ խելագարի նման գոռում-գոչյուններով վազվզում էին։ Աղախինը ներքինուն թողեց կես ճանապարհի վրա, պատվիրելով իրան սպասել, իսկ ինքը շտապեց դեպի Սառայի տունը։

ԺԶ

Խանի ամրոցը բաժանված էր երկու գլխավոր մասերի, մեկի մեջ զետեղված էր ընդարձակ կանանոցը, իսկ մյուսի մեջ՝ նրա դիվանատունը։ Այս գիշեր դիվանատան մասը իր կատարյալ կազմակերպության