Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/366

Այս էջը հաստատված է

մեջն էր. ֆարրաշները, գրագրները, բոլոր զինվորական և դիվանական պաշտոնակալները իրանց տեղումն էին։ Մեկ սենյակ չկար, որ լուսավորված չլիներ. բոլորի մեջ խմբված էին խանի ծառայողները, անհամբերությամբ սպասում էին նրա հրամանին։

Խանը իր վեզիրի հետ առանձնացած էին մի մեկուսի սենյակում, խորհուրդ ունեին։ Գուցե նրա կյանքում աոաջին անգամն էր պատահում, որ գիշերվա այդ ժամում կանանոցում չէր գտնվում։ Սենյակը, որի մեջ առանձնացած էին նրանք, շատ փոքր էր, վարագույրները իջեցրած էին և դռները փակած։ Նախասենյակում սպասում էր խանի մտերիմ մանկլավիկներից մեկը միայն։

Ամրոցի իշխանը ծալապատիկ նստած էր մի թանկագին գորգի վրա, իսկ նրա առջև աղերսավոր կերպարանքով չոքած էր վեզիրը։ Երկուսի մեջ տիրում էր խորին, չարագուշակ լռություն։ Միայն լսելի էր լինում ղեյլանի մելամաղձոտ կրկրոցը, որ ներդաշնակաբար ձայն էր արձակում խանի ամեն մի ծխելու հետ։ Իսկ այս գիշեր նա մի առանձին ախորժակով էր ծխում «քորօղլուի» թամբաքուն[1], որ թմրեցնելու չափ արբեցուցիչ էր։ Նրա դեմքի վրա նկարված էր կատաղի վրդովմունքը, ճակատը կնճռած էր, կրակոտ բիբերը վայրենի կերպով շարժվում էին թավ հոնքերի տակից։

— Ձեր ծառան դարձյալ թույլ է տալիս իրան աղերսարկու լինել, խան,— խոսեց վեզիրը խոնարհությամբ․— ուրիշ ճար չկա, ամեն ընդդիմադրություն ապարդյուն կլիներ և ավելի կգրգռեր թշնամու կատաղությունը։ Ես դարձյալ խորհուրդ եմ տալիս վաղ առավոտյան անձնատուր լինել։ Մենք խաղաղության նշան կտանք, ես ինքս կգնամ թշնամու բանակը և հաշտության դաշն կկապեմ Բեկի հետ։

— Ես երդվում եմ իմ պապերի գերեզմանով, եթե դու մյուս անգամ կհամարձակվես այսպիսի հիմարություններ խոսել, ես կհրամայեմ շան նման քեզ սատակեն,— գոռաց բռնակալը գազանի մռնչյունով։

Սպառնալիքը չշփոթեցրեց վեզիրին, նա բավական սառնասրտությամբ պատասխանեց։

— Ինձ համար միևնույն է, առանց այդ Բեկի զինվորները ինձ կսատակեն, ավելի լավ է, որ շուտ կատարվի և իմ տիրոջ ձեռքով։

  1. «Քորողլուի» կոչված թամբաքուն ծխում են Հին Փայտակարանի կողմերի թափառական ցեղերը, որը սաստիկ թունդ է։