Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/393

Այս էջը հաստատված է

սափրիչի կերապարանքով, այժմ հագած ուներ քահանայի նվիրական զգեստը: Երևի, ռամկի վրա ավելի ազդեցություն գործելու համար, պետք էր այդ հագուստով ներկայանալ նրան: Նա դարձավ դեպի իր շուրջը նստողները, ասելով.

— Ձեզ պետք է կոտորեն, անպատճառ պետք է կոտորեն, այդ դուք ինքներդ գիտեք։ Ուրեմն ձևզ համար միևնույն է, թե ինչ մահով կմեռնեք: Ավելի լավ չէ՞, որ սուրը ձեռքում պաշտպանեք ձեր անձը, ձեր կնիկները, ձեր զավակները ու տղամարդի պես մեռնեք: Բայց եթե լսեք ինձ, ես կարող եմ հավատացնել ձեզ, որ կենդանի կմնաք: Դուք կազատեք ձեր անձը ու բոլոր նրանց, որոնք սիրելի են ձեզ համար: Ձեզ հարկավոր է մի քանի ժամ կռվել միայն, և շուտով կտեսնեք, Բեկի զորքերը ձեզ օգնության հասած: Այնուհետև այն, որ մահմեդականները վճռել են գործ դնել ձեզ վրա, մենք գործ կդնենք նրանց վրա...

— Մենք պատրաստ ենք,— ասաց նրանցից մեկը,— բայց դժվարությունը նրանումն է, որ զենքեր չունենք, մեր զենքերը խլեց խանը:

— Դուք ուժեղ ձեռքեր ունեք և այդ բավական է, իսկ զենքեր հետո կտանք ձեզ,— ասաց քահանան:— Հարկավոր է սկզբում զինավորվել այն գործիքներով, ինչ որ կգտնվի ձեր տներում. թող լինի դա կացին, ուրագ, մանգաղ, բահ, շամփուր, մահակ, վերջապես հասարակ փայտի կտոր, միևնույն է: Այդ զենքերը ձեզ պետք են միայն փողոցներում պաշտպանվելու համար, իսկ երբ կհասնենք ամրոցին, այնտեղ կփոխեք ձեր ունեցածը իսկական զենքերով:

— Ինչպե՞ս,— հարցրին նրանից։

— Ես հարկավոր չեմ համարում ձեզ բացատրել, թե ի՛նչպես կարող է հաջողվել այդ, բայց իբրև քահանա, իբրև աստուծո տաճարի պաշտոնյա, հավատացնում եմ ձեզ, որ ինքը մեր տեր Հիսուս Քրիստոսը կօգնե մեզ և թույլ չի տա, որ իր գառները մորթվեն մահմեդականների ձեռքով. Ձեզ հարկավոր է միայն այնքան քաջություն ունենալ, և հասնել մինչև խանի ամրոցը։

— Բոլոր դժվարությունները մինչև այնտեղ ողջությամբ հասնելն է,— ասաց նստողներից մեկը։

— Ոչինչ դժվարություն չկա։ Ձեզ հայտնի է, որ մենք այդ մասին բոլոր կարգադրությունները արել ենք: Ես ինքս իմ քաջ ընկերներիս հետ կառաջնորդենք ձեզ: Դուք միայն այն ասեցեք, թե քանի՞ հոգի կարող եք պատրաստել։