Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/412

Այս էջը հաստատված է

Ուրեմն ինչո՞ւ ես պարմանում դու, որ իմ խոսքերը հակառակում են մուսուլմանների սովորություններին կամ նրանց օրենքներին: Ես այդպես եմ սովորել։

— Ուրեմն դու դեռ պահպանե՞լ ես քո քրիստոնեությունը,—հարցրեց խանը զայրացած կերպով։

Տիկինը մնաց շվարած, չգիտեր ինչ պատասխանել։ Նա իր դատողությունների մեջ շատ հեռու գնաց, վիրավորեց խանի ոչ միայն անձնասիրությունը, այլև նրա կրոնական զգացմունքը։ Այդ բավական չէր, նա մերկացրեց իրան։ Այժմ մի կերպով պետք էր փարատել նրա տարակուսանքը։

— Ես,— պատասխանեց նա,— ճշմարիտն ասած, ինքս էլ չգիտեմ, թե ինչ կրոնքի եմ պատկանում։ Բայց որովհետև մեր վիճաբանությունը ամուսնական սիրո վրա էր, շարունակենք դրա վրա խոսել։

Տիկնոջ անորոշ պատասխանը փոքր-ինչ հանգստացրեց խանին, նա ասաց.

— Խոսի՛ր:

— Ճշմարիտ սերը պետք է փոխադարձ լինի,— շարունակեց տիկինը։— Իսկ փոխադարձ սեր կարող է կայանալ միայն մի զույգի մեջ։ Բայց երբ որ այրը ունի հարյուր կնիկներ, կամ կինը ունի հարյուր այրեր, այդ դեպքում ճշմարիտ սերը զրկվում է գոյություն ունենալուց:

— Ես կարող եմ հարյուր կնիկներ ունենալ և հարյուրին էլ սիրել,— ընդհատեց խանը,— այդ ուրիշ բան է, եթե նրանց մեջ կգտնվեն այնպիսիները, որ ինձ դուր չեն գալ։

— Դա անբնական է,— պատասխանեց տիկինը,— դու կարող ես սիրել հարյուր կնիկներ, այլ խոսքով ասելով, դու կարող ես վայելել ավելի քան հարյուր կնիկներ, բայց հարցը դրանումն է, արդյոք նրանք էլ կսիրե՞ն քեզ։ Որովհետև քո սերը կատարյալ չի լինի, եթե փոխադարձապես նրանք էլ չսիրեն քեզ։— Ես ասեցի անբնական է, այն մտքով, որ դու, որքան էլ ցանկանայիր, չէիր կարող քո սերը, քո հոգին, քո սիրտը բաժանել հարյուր կնիկների վրա, որոնք կոչվում են քո ամուսիններ։ Իսկ ամուսնական սերը մի անբաժանելի զգացմունք է. նա պետք է իր զուգակցին միայն պատկանի, երբ բաժանվեցավ և օտարների վրա,— նա մեռավ, այլևս գոյություն ունենալ չէ կարող։ Այդ է պատճառը, որ այսօրվա քո դժբախտության րոպեում քո բազմաթիվ կնիկներից և ոչ մեկը չկա,