Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/426

Այս էջը հաստատված է

— Մի այնպիսի ապահով տեղ, ուր դուք ազատված կլինիք։ Շտապեցեք, ժամանակ կորցնելու չէ, մի քանի րոպեից հետո Բեկի զինվորները կթափվեն ամրոցի վրա և կրակից մնացածը նրանք սրով կոչնչացնեն։

— Ո՞ւր գնանք, ինձ ո՞րտեղ ես տանում,— դարձյալ հարցրեց տիկինը, նստած տեղից չշարժվելով։

— Սառայի տունը,— պատասխանեց աղախինը նրա ձեռքից բռնելով։— Սառան ձեր լավ բարեկամն է. նա այնքան բարի է, որ դուք կարող եք նրա վրա վստահություն ունենալ։ Նա ինքը այստեղ է, եկել է ձեզ տանելու, սանդուղքների վրա սպասում է։

Տիկինը իսկույն չպատասխանեց. տխուր մտածություններ տիրեցին նրա սրտին։ Նա թաշկինակը սեղմեց աչքերի վրա, և րոպեական լռությունից հետո, արտասվախառն հեկեկանքով հարցրեց.

— Դու ինձ Առաջարկում ես փախչե՛լ, Փարիշան...

— Այո՛, փախչել,— պետք է անպատճառ փախչել այդ Սոդոմից, որ աստուծո բարկության հրովը կործանվում է...

Նրանց խոսակցությունը ընդհատեց մի սոսկալի, որոտաձայն դղրդոց։ Կարծես հարյուր թնդանոթներ միասին արձակեցին, և կիսավեր ամրոցը հիմքից շարժվեցավ, օրորվեցավ, և փոքր էր մնում, որ մնացած մասերն էլ կործանվեին, տակնուվրա լինեին։

Փարիշանը վազեց, բաց արեց լուսամուտը, նայեց դեպի ծխի և փոշու մեջ կորած բակը։

— Այդ ի՞նչ էր,— հարցրեց սարսափած տիկինը։

— Ներքինապետի բարձր աշտարակը կործանվեցավ, նրա փառքը և իշխանությունը տապալվեցավ,— ծիծաղելով ասաց Փարիշանը։— Կրակը անցնում է դեպի կանանոցը։

Իրավ, փուլ եկողը ներքինապետի աշտարակն էր, որի բարձրությունից «աղջիկների իշխանը» տիրում էր ամբողջ կանանոցի վրա։ Նա կործանվեցավ և իր ծանրության տակ փշրեց մի քանի այլ շինվածքներ։ Նրա որոտաձայն դղրդոցը բարձրացրեց հարյուրավոր կնիկների բերաններից զարհուրելի աղաղակներ, իսկ տիկնոջ գրկում զարթեցրեց քնած երեխային։

Նա իր գեղեցիկ աչքերը բաց արեց, և լուսամուտից տեսնելով դրսի լուսավորությունը,— ժպտալով ասաց.

— Արևը դուրս է եկել, ես ո՛րքան շատ քնեցի։

— Հա՛, զավակս, շատ քնեցիր,— պատասխանեց մայրը, նրան համբուրելով։— Բայց դա արևը չէ. այնտեղ կրակ են վառում...