Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/428

Այս էջը հաստատված է

— Չէ, սիրելիս, դա այն Սառան չէ, դա ուրիշ Սառա է, քեզ լավ բաներ կտա։

Երբ սկսեցին բարձրանալ սանդուխքներից, տիկինը հարցրեց.

— Ո՞վ է Սառայի հետ եղող տղամարդը։

— Մի վարդապետ, որին կոչում են Խորեն հայր սուրբ։ Նա շատ լավ մարդ է։

— Վարդապե՜տ,— զարմանալով կրկնեց տիկինը։

— Այո՛, վարդապետ։ Նա մի քաջ տղամարդ է և Սառայի բարեկամն է։

Զբաղված լինելով այդ խոսակցություններով, փախստականները չնկատեցին, որ մի մարդ խավարի միջից լրտեսում էր նրանց: Դա ներքինի Ասադն էր։ Հենց որ լսեց ծերունին երեխայի ճիչը, թե «Սառային չեմ ուզի», իսկույն ճանաչեց նրա ձայնը, հետո սկսեց ականջ դնել տիկնոջ և աղախնի խոսակցություններին։ Երբ փախստականները ոտք դրեցին սանդուղքների վրա, սկսեցին բարձրանալ, նա հասկացավ բոլորը, և իսկույն վազեց ներքինապետի մոտ, նրան իմացում տալու համար։

Այդ միջոցին փախստականները արդեն գտնվում էին սանդուղքների վերին աստիճանների վրա։ Սառան բաց արեց փոքրիկ դուռը, և բոլորը միասին դուրս եկան կտուրի վրա, դուռը իրանց ետևից կողպեցին։

Երեխան դարձյալ իր գլուխը դուրս հանեց աղախնի վերարկուի տակից, և տեսնելով հրդեհի շրջակա լուսավորությունը, ասաց.

— Հո՜ւ, այդ ո՛րքան կրակ են վառել... Ի՞նչ են եփում, մայրիկ:

Փարիշանը մտածեց երեխայի ձայնը կտրել, ասելով.

— Եթե դու մյուս անգամ կխոսես, ես «բոբոխին» կկանչեմ...

Երեխան երկյուղից գլուխը ներս քաշեց աղախնի վերարկուի տակ և կծկվեցավ նրա գրկի մեջ։ «Բոբոխը» մի երևակայական էակ էր, որի սարսափելի նշանակությունը միայն երեխան գիտեր։

Կտուրի վրա հավաքված բազմությունը այժմ ավելի շատ էր: Բոլորը գոռում էին, գոչում էին, և մինը մյուսին չէր հասկանում։ Նրանք աշխատում էին քանդել կից շինվածքները, որպեսզի կրակի առաջ անցնելը արգելեն։ Փախստականները շտապով անցան հուզված, խառնափնթոր բազմության միջից, և կտուրից իջան փոքրիկ պարտեզը, որ կից էր կանանոցին։

Այդ պարտեզը խանի տիկինների զբոսանքի դրախտն էր։ Այստեղ ներքինիների հսկողության ներքո բաց էին թողնում նրանց: