Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/441

Այս էջը հաստատված է

սարսափելի ժամում, երբ քամին կատաղարար փչում էր ձորի միջից և իր հնչման մեջ ամեն այլ ձայներ խլացնում էր:

Երբ մոտեցան բերդին, պետք էր բարձրանալ դեպի մի սեպացած զառիվեր, որի վրա կանգնած էր բերդը: Զինվորների ոգևորությունը այնքան մեծ էր, որ նրանք բոլորովին ոչնչի տեղ էին դնում քարափների ժայռոտ առապարը։ Նրանց օգնում էին քարերի վրա բուսած ծառերը և թփերը` մագլցելու համար:

Երբ հասան բերդի պարսպին, իշխանը կանչել տվեց այն երիտասարդին, որ ականի միջով անցնելով, բերել էր տեր Ավետիքի նամակը:

— Տղա, անունդ ի՞նչ է,— հարցրեց նրանից։

— Ղազար:

— Եթե Նազար լիներ, ես քո գլուխը կտրել կտայի:

Երիտասարդը սարսափեց զորապետի օտարոտի նկատողությունից:

— Դե՛, առաջ անցիր, մեզ ցույց տուր այն ծակը, որ բաց են արել պարսպի տակով:

Երիտասարդը հասկացավ, որ ականի մասին է խոսում, լռությամբ առաջ անցավ և սկսեց առաջնորդել նրան:

Պետք էր մի փոքրիկ պտույտ գործել պարսպի շուրջը և հասնել ականի տեղը: Թեև հրդեհի ճառագայթները բավական լույս էին տարածել բերդի շրջակայքում, բայց անտառի խտության մեջ, եթե ցերեկով ևս մարդիկ անցնելու լինեին, դարձյալ ոչ ոք չէր տեսնի նրանց: Այստեղ տիրում էր խավարի մշտական թագավորությունը: Եվ տեր Ավետիքի ռազմագիտական հանճարը ընտրել էր այդ կողմը միայն իր փորվածքի համար:

— Ահա այստեղ է,— կանգնելով ցույց տվեց առաջնորդը:

— Դու քո պարտքը կատարեցիր, հիմա հերթը իմն է,— ասաց իշխանը:— Դեն գնա՛:

Ականի մուտքը ծածկված էր մամուռով և թարմ խոտերով, այնպես բնական կերպով, որ բնավ չէր զանազանվում լեռան խոտով ծածկված մակերևույթից։ Դուրս բերած հողը ածել էին գետի մեջ:

Բայինդուր իշխանը ձեռքերով ետ քաշեց խոտերն ու մամուռները, քանի րոպեից հետո բաց եղավ ստորերկրյա քարանձավի բերանը: Նա երեսը խաչակնքեց և ներս մտավ: Բոլորը հետևեցին նրա օրինակին։