— Շատ ապրես, տեր հայր, խաշը վկա, օրինավոր մարդ ես եղել, ես այդ չէի իմանում: Բեր ձեռքդ համբուրեմ։
Քահանան ետ քաշեց իր ձեռքը, նշանակություն չտալով իշխանի կատակներին։
Ականը փորված էր բերդի այն կողմում, որ համարյա թե ամայի էր։ Այստեղ կային բազմաթիվ հին շինվածքների ավերակներ, և ավելի ոչինչ։ Քանդված եկեղեցին ցույց էր տալիս, որ մի ժամանակ բերդի այս կողմում կար հայոց մի ամբողջ թաղ։ Ո՞ր ժամանակ, և ի՞նչ հանգամանքներից ստիպված, նրանք թողեցին իրանց բնակարանները,— հայտնի չէր։ Այդ ավերակների մեջ կարող էին հազարավոր զինվորներ թաքնվել և անհայտ մնալ։ Այդ կետից նայելով, տեր Ավետիքը ընտրել էր բերդի ամենահիվանդոտ տեղը։
Հեռվից լսելի եղան խառնաձայն աղաղակներ, որոնց հետևեցին հրացանի ձայներ։
— Այդ ի՞նչ ձայներ են,— հարցրեց Բայինդուր իշխանը տեր Ավետիքից։
— Երևի, մահմեդականները հարձակվեցան հայոց թաղի վրա, — պատասխանեց նա, ավելի ուշադրությամբ ականջ դնելով ձայներին:— Այո՛, հարձակվեցան։ Նրանք սովորություն ունեն հարձակումից առաջ վայրենի աղաղակներ բարձրացնել։
— Հայերը կարո՞ղ են ընդդիմադրել։
— Երկար, իհարկե, չեն կարող, բայց մինչև մեր հասնելը կդիմանան։
— Ուրեմն էլ ինչո՞ւ ենք սպասում,— հարցրեց իշխանը։
— Սպասում ենք, որ Մելիք-Փարսադանը և Ավթանդիլ գնդապետը գան։
— «Մինչև Շուշանը կզարդարվի, պատարագը կարձակվի...»,— պատասխանեց իշխանը։— Մինչև նրանց գալը, գուցե հայերին կկոտորեն։
— Հրամայեցեք թմբուկները ածեն. մենք նրանց աղաղակներին կպատասխանենք մեր թմբուկներով։ Դա բավական սարսափ կձգե նրանց վրա։
— Դրանով բան չի դառնա։ Այդ ֆանդերը ես քեզանից լավ եմ իմանում, տեր հայր։ Որսորդները արջին խփելու ժամանակ սկզբից «հուշտ» չեն անում[1]: Հանկարծակի զարկը ավելի սոսկալի է լինում։
- ↑ Հուշտ անել` նշանակում է խրտնեցնել