Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/445

Այս էջը հաստատված է

Նա հրամայեց առաջ բերել թնդանոթները:

— Խիստ զվարճալի բան է այդ հրանոթները գործ ածել ամբոխով լի փողոցների մեջ։ Այնպես չէ՞, տեր հայր,— հարցրեց նա, ձեռքը քսելով նրանցից մեկի փողին, նույն զգացմունքով, որպես մի սիրահար փայփայում է իր նազելի էակին։— Զվարճալի՜ է,— կրկնեց նա,— այնպես հնձում է, որպես սուր մանգաղը խիտ խոտաբույսերի մեջ:

Մինչ դրանք զբաղված էին այդ պատրաստություններով, հայտնվեցան Մելիք-Փարսադանը և Ավթանդիլ գնդապետը իրանց զինվորներով։ Նրանք համարձակ անցան քանդված պարսպի միջով:

Ծերունի զորավարը շատ ուրախացավ, տեր Ավետիքին ողջ և առողջ գտնելով։ Տեր հայրը նրա փեսան էր, այսինքն դստեր ամուսինը։

— Զորանաս,— ասաց նրան գրկելով,— դու իմ երեսը սպիտակացրիր թե՛ Բեկի և թե՛ Ներսես սրբազանի մոտ։

Բայինդուր իշխանը, որ չէր կարող այդ տեսակ քնքշությունների համբերել, ընդհատեց նրանց խոսքը, ասելով.

— «Ճտերը անշանը կհամբարեն...»։ Հիմա դեռ շնորհակալությունների ժամանակ չէ։ Սպասեցեք, մինչև տեսնենք, այդ դալմաղալները ինչո՞վ կվերջանան: Լսո՞ւմ եք պարսիկների աղաղակները։ Հայոց թաղի վրա կրակ են թափում։

Այժմ աղաղակները ավելի կատաղի կերպով էին հնչում, բայց հրացանների ձայնը երբեմն որոտում էր, երբեմն ընդհատվում էր։ Ծերունի զորավարը ուշադրությամբ հետևում էր բոլոր հնչումներին: Նրա ականջներն այն աստիճան սովորած էին այդ տեսակ ձայների, որ համարյա աչքերի տեղ էին ծառայում։

Նա կռվի ժամանակ նույնքան սառնասիրտ էր, նույնպես չէր շտապում, որպես չէր շտապում, երբ խորին ոգևորությամբ կարդում էր իր Նարեկը:

Այժմ լսելի եղան խուլ բոմբյուններ, որ ավելի նման էին թնդանոթների որոտմունքին։ Ծերունի զորավարը սկսեց ավելի ուշադրությամբ հետևել նրանց։

— Դու սխալվում ես, Բայինդուր,— դարձավ նա դեպի իշխանը. — պարսիկները չեն, որ կրակ են թափում, այլ այդ մերոնք են կրակ թափողները։

— Մերո՞նք,— այսինքն ո՞վքեր։