Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/467

Այս էջը հաստատված է

Բայց այստեղ չէին կոտորի, այստեղից գերի կտանեին։ Այդ ավելի սարսափելի էր։ Խանը չէր կարող համբերել մի այսպիսի անարգանքի, որ այն կնիկները, որոնց ինքը գրկել էր, որոնց աստված ստեղծել էր միայն նրա հաճույքի և զվարճության համար,— պատկանեին մի ուրիշին, կամ մի օտար մարդու ձեռքը շոշափեր նրանց։

Դառն իրականությունը դարձյալ խռովեց, դարձյալ գրգռեց նրա երևակայությունը։ Նրան երևում էր, թե իր կնիկներին կիսամերկ, ոտաբոբիկ, թոկերով կապած, անասունների նման կանգնեցրել էին մի մեծ քաղաքի հրապարակի վրա և վաճառում էին: Նրան երևում էր, որ իր զավակները, պատառոտած հագուստներով, թափառում էին նույն քաղաքի փողոցներում և անցնողներից ողորմություն էին խնդրում։ Իսկ ինքը, մի կթոց շալակած, պտտում էր դռնից֊դուռ, և ողորմելի ձայնով աղաղակում էր, որ իրան աղբ կամ մի այլ բան տան դեն ածելու։

Հրանոթների ձայնը այժմ ավելի մոտից սկսեց լսելի լինել։ Կանանոցի մեջ բարձրացավ խառնաշփոթ աղմուկ։ Ամբողջ շինվածքը դղրդում էր։ Կարծես թե դռները խորտակում էին։

Նա դողդոջուն ձեռքով վեր առեց ճրագը և մի քանի րոպե փետացածի նման մնաց անշարժ։ Մի սոսկալի խորհուրդ ալեկոծում էր նրա սիրտը։ Նա տարուբերվում էր անվճռականության մեջ, որպես մի կատաղի եղեռնագործ, որ պատրաստվում է կատարելու մի մեծ հանցանք: «Թո՛ղ նզովյալ լինի սատանան...»— ասաց նա և իր քայլերը ուղղեց դեպի դուռը։

Ճրագը ձեռքում նա անցավ կանանոցի բակը, մտավ մի փոքրիկ տալան, այստեղից մտավ մի բավական ընդարձակ սենյակ, որի բանալին իր մոտ ուներ: Դա նրա առանձնասենյակն էր։ Ներս մտնելուց հետո կրկին կողպեց դուռը։ Մոտեցավ այն փառավոր օթոցին, որի վրա սովորաբար նստում էր ինքը։ Ոտքով օթոցը մի կողմ հեռացրեց, թեքվեցավ և մատով սեղմեց մի փոքրիկ երկաթյա տախտակ, որը ճրնգալով վեր բարձրացավ։ Տախտակի տակում բացվեցավ մի նեղ ճեղք, որի մեջ մի բանալի հազիվ կարող էր շարժվել: Նա հանեց իր քսակից մի այլ բանալի, անցկացրեց ճեղքի մեջ, մի քանի անգամ պտույտ տալուց հետո, ծանր, երկաթյա դռնակը հատակից ինքնիրան վեր բարձրացավ, և բացվեցավ մի մթին և նեղ անցք, որտեղից մի մարդ հազիվ կարող էր մուտք գործել։ Նա ճրագը ձեռքում սկսեց փոքրիկ սանդուղքներով ցած իջնել: