Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/476

Այս էջը հաստատված է

Նա դուրս եկավ իր վրանից և սկսեց գնալ ծերունի վեզիրի ետևից: Արեգակը բավական բարձրացել էր հորիզոնի վրա, բայց ձորի անտառապատ խորության մեջ տակավին ջերմություն չէր զգացվում։ Վաղորդյան խոնավ գոլորշիները բարձրանալով ծմակների միջից, տեղ֊տեղ բամբակի ահագին կտորտանքի նման խտանում էին և ձյունափայլ մառախուղի ձև էին ստանում: Ամենուրեք տիրում էր լռություն և անդորրություն. այլևս չէին լսվում գիշերային հրացանաձգությունների ձայները։

Բեկը, աչքերը հառած դեպի բերդը, երկու ուղեկիցների հետ, առաջ էր գնում։ Նրա սառն դեմքի վրա չէր երևում ոչ հաղթողի ուրախությունը և ոչ էլ անբավական մարդու դժգոհությունը, այլ մի տեսակ խորին մտածություն, որը, կարծես, արտահայտելիս լիներ այս միտքը. «Լավ է, այդ բոլորը շատ լավ է, բայց դրանից հետո ի՞նչ պետք է անել...»

Նա դարձավ դեպի Մխիթար սպարապետը, ասելով.

— Այդ բերդը բավական հոգնեցրեց մեզ. նա միշտ կմնա այդ ճանապարհի վրա որպես մի դժվարարձակելի հանգույց և որպես մի մեծ խոչընդոտ, եթե նրան ողջ թողնելու լինենք։ Պետք է այդ հանգույցը բոլորովին ոչնչացնել:

— Ինչո՞ւ ոչնչացնել,— պատասխանեց սպարապետը,— քանի որ թշնամու ձեռքումն էր, նա կարող էր մեզ խոչընդոտ լինել, իսկ այժմ, երբ ընկավ մեր ձեռքը, նույն ծառայությունը կարող է մատուցանել և մեզ։

— Այդ իրավ է: Բայց ես նպատակ ունեմ շինել տալ մի նոր բերդ, այստեղից հեռու, մի ավելի հարմար դիրքի վրա...

Դեռ չավարտած իր խոսքը, Բեկը նկատեց, որ մի մարդ բռնեց նրա ձիու սանձը, ասելով.

— Իշխան, խնդիրք ունեմ...

Բեկը կանգնեցրեց իր ձին: Նա չոքեց գետնի վրա, և արտասվալի աչքերով ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, ասաց,

— Աստված իր քաջերին հաղթություն է շնորհում և նրանց հզոր ձեռքը բարձրացնում է ազգերի ու ժողովուրդների վրա: Նրանց ձեռքով խորտակում է ամենակալը` իշխողների գավազանը և ոչնչացնում է նրանց զորությունը,— այն իշխողների, որ ոտնակոխ են անում աստուծո սահմանած օրենքները, որոնց հիմքն է արդարությունը, որը կշիռն է ամեն իրավունքների: Դուք, իշխան, արդարադատի բարկության սուրն եք, որով կամեցավ նա