Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/483

Այս էջը հաստատված է

— Քեզ չճանաչեցի՞ն։

— Ինչպե՞ս կարող էին ճանաչել: Ամեն կողմից միշտ նոր և անծանոթ մարդիկ են գալիս և միանում են նրանց զորքերի հետ։ Սկզբից երդում են տալիս և ընդունում են։

— Դու էլ երդվեցա՞ր։

— Իհարկե, երդվեցա, բայց հավատացած եմ, որ նրանց խաչն ու ավետարանը իմ աչքերը չեն քոռացնի. հիմա շատ գեղեցիկ կերպով տեսնում եմ։

— Շա՜տ ապրես, Համբարձում,— համակրությամբ ասաց նրան մելիքը։— Բոլորը հասկացա, ինչ որ հարկավոր էր ինձ գիտենալ։ Հիմա կարող ես գնալ, դու ճանապարհից ես եկել, հոգնած կլինես, քեզ պետք է հանգստանալ։ Ես վաղ առավոտյան կրկին կանչելու եմ քեզ։

Լրտեսը գլուխ տվեց և հեռացավ։

Մելիքը մնաց միայնակ։

Գիշերից բավական անցել էր. աքաղաղները ձայնում էին. ամրոցի մեջ տիրում էր խորին լռություն. բոլորը քնած էին։ Արթուն էր միայն ամրոցի տերը։ Նա ևս մոտեցավ և առանց հանվելու պառկեց անկողնի վրա, որ պատրաստված էր միևնույն սենյակում։ Երկար պառկած մնաց, բայց քնել չկարողացավ։ Դառն մտածություններ ալեկոծում էին նրա սիրտը։ Նա նմանում էր մի մարդու, որ սարսափելի նավաբեկությունից հետո, մնում է մի կտոր տախտակի վրա, սկսում է կռվել ալիքների հետ, հուսալով, որ նրանք կամ կտանեն նրան դեպի ծովի անդունդը, կամ կձգեն ցամաքի վրա...

Լրտեսից ստացած տեղեկությունները Բեկի հաջողությունների մասին` թունավոր նետի նման ծակոտում էին նրա սիրտը: Նրա վրա ուղարկված էր իր հին թշնամին` Թորոս իշխանը, Չավնդուրի տերը։ Այդ հպարտ, գոռոզ, ոխակալ իշխանի վրեժխնդրական ոգին նրան վաղուց հայտնի էր։ Նա գիտեր, որ իշխանը կվարվեր իր հետ այնպես, որպես Բեկը վարվեց Դավիթ ուրացողի հետ։ Եվ Թորոսը շատ իրավացի պատճառներ ուներ այդպես վարվելու։ Ինքը զգում էր, թե ո՛րքան վնասներ էր հասցրել նրան, ո՛րքան վշտեր էր պատճառել նրան... այդ բոլորի համար պետք էր տուժել...

Բայց նրա աչքի առջև դրած էր մի ընդհանուր գործ` հայոց աշխարհի փրկության գործը։ Բեկը և նրա կուսակիցները ուրիշ ոչինչ չէին, եթե ոչ այդ գործի գլուխ տանող բանվորները։ Իր