Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/497

Այս էջը հաստատված է

Ծերունին գլուխ տվեց և հեռացավ։

Տիկինը դարձյալ մնաց միայնակ։

— «Նա» հայոց զորքի մեջն է...— մտածեց անբախտ կինը,— «նա» ինձ ազատելու համար է պատերազմում։

Լ

Ֆաթալի խանի ամառանոցից մինչև Արծվանիկ ավանը մեկ ժամի ճանապարհ հազիվ կլիներ։ Ամառանոցը գտնվում էր լեռան գագաթի վրա, իսկ ազանը կպած էր նույն լեռան կուրծքին։

Մելիք Ֆրանգյուլը երկար չմնաց խանի մոտ. «ստիպողական» խորհուրդը վերջացնելուց հետո, նա դարձյալ նստեց իր սև ջորու վրա, և շաթրներին առջևը ձգած, վերադարձավ Արծվանիկ:

Նրա ամրոցը գտնվում էր այդ ավանի ստորոտում։ Թեև պարսկական խաների ապարանքների նրբությունը և գեղեցկությունը չուներ նա, բայց վիթխարիության և ամրության կողմից ավելի գերազանց էր նրանցից։ Նա ավելի բերդի ձև ուներ, քան թե պալատի։ Դրսից ներկայացնում էր մի քառակուսի շինվածք, ահագին պարիսպներով, որոնց չորս անկյուններում բարձրանում էին չորս բրգաձև աշտարակներ։ Իսկ ներսից բաժանված էր զանազան բակերի, զանազան մասերի, որոնց յուրաքանչյուրը ծառայում էր տիրոջ կացության այլ և այլ պետքերին, նրա տնտեսության այլ և այլ հարմարություններին։

Մելիքի ընտանիքը շատ ստվար չէր, այդ պատճառով սենյակների մեծ մասը մնացել էր դատարկ և ամայի։ Նրա կինը վախճանվեցավ հենց նույն տարվա մեջ, երբ նա փոխեց իր կրոնը։ Այնուհետև մելիքը այլևս չամուսնացավ։ Նրա երկու որդիներից մեկը` Հախին, հորից բաժան բնակվում էր գյուղում, հայ հասարակության մեջ, և ամենևին հարաբերություններ չուներ մահմեդական հոր հետ։ Իսկ մյուսը` Մկրտումը հոր մոտ էր բնակվում և նրա հետ հաշտ էր ապրում, թեև իր ընտանիքով պահպանել էր քրիստոնեությունը։

Խանի մոտից վերադառնալով ամրոցը, մելիքը իսկույն առանձնացավ իր սենյակում, հրամայելով, որ իր մոտ ոչ ոքի չթողնեն։ Նրա դեմքը փայլում էր ուրախությունից։ Վերջապես կիսով չափ հասա նպատակիս...» — ասավ նա ինքնիրան, և ձեռքերը միմյանց շփելով, սկսեց անցուդարձ անել սենյակի մեջ: «Նեղ ընկած