Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/521

Այս էջը հաստատված է

— Գիտեմ,— ասաց սպասավորը և դուրս գնաց նրա պատվերը կատարելու:

Հայրիկը սկսեց կրկին նայել թղթերի վրա և շտապ կերպով մինը մյուսից հետո աչքից անցկացնել: Խանը հավատաց նրան իր թղթերը, որովհետև աշխարհից հրաժարված, մարդկային գործերով չհետաքրքրվող, անփույթ, անհոգ դերվիշից, նրա կարծիքով, ինչ կասկած կարելի էր ունենալ: Նա մտածել անգամ չէր կարող, որ դերվիշը ուշադրություն կդարձնե իր թղթերի վրա:

Վերջին թուղթը դնելով իր տեղը, նա հոգվոց հանելով արտասանեց.

— Եթե ես փոքր-ինչ առաջ գիտենայի՜...

Այդ միջոցին ներս մտավ խանը։

— Պատերա՜զմ է, հայրիկ, — ասաց նա ուրախությունից պայծառացած դեմքով: — Իմ զորքերը այժմ պատերազմի դաշտումն են: Երանի ձեզ, հայրիկ, որ ձեր խաղաղ այրի մեջ փակված, որպես Դիոգինեսը իր կարասում, ապրում եք բոլորովին ազատ այդ տեսակ հոգսերից: Ձեր թագավորության սահմանները վերջանում են ձեր այրի չորս պատերով: Գոհ եք այդ անձկության մեջ, որովհետև ոչ ոքի հետ բաժանելու մի բան չունեք: Իսկ ես իմ իշխանության լայնատարած սահմանների մեջ հանգիստ չեմ, որովհետև պետք է անդադար կռվեմ, պետք է արյունով պահպանեմ ինչ որ ունեմ...

Դերվիշը ոչինչ չպատասխանեց. նա ծխում էր և իր կարդացած թղթերի բովանդակության վրա էր մտածում:

— Հիմա գուշակեցեք, հայրիկ, թե բախտը ի՞նչ է խոստանում ինձ,— հարցրեց նա, հավաքելով թղթերը, և կողպելով մի փոքրիկ արկղիկի մեջ:— Ես այս րոպեիս պատրաստվում եմ գնալ պատերազմ. նախագուշակեցեք, թե ինչո՞վ կվերջանա կռիվը։

— Իսկույն կասեմ ձեզ,— պատասխանեց դերվիշը, երբ թամբաքուի ծխով բավական բորբոքեց իր երևակայությունը:— Հրամայեցեք, որ տան ինձ մի հարթ տախտակ:

Սպասավորը պահանջած տախտակը դրեց նրա առջևը: Գուշակողը դուրս բերեց իր մախաղի միջից երեք հատ պղնձե գնդակներ, որ քառակուսի ձև ունեին, նարդի կոչված խաղատախտակի «զառերի» նմանությամբ: Այդ գնդակները բախտահմաների լեզվով կոչվում են «ռամ»: Քառակուսիների յուրաքանչյուր կողմի վրա գծած էին հնդկական թվանշաններ:

— Նախ գուշակեցեք, օրը բարի՞ է, թե չար,— խնդրեց խանը:

Դերվիշը պղնձե գնդակները առեց ափի մեջ, շարժեց, լուռ