Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/527

Այս էջը հաստատված է

հնձում է. ձորերի և ծմակների մեջ նախշուն թիթեռնիկների նման վժվժում են գյուղացի աղջիկներր։ Մարդը սկսում է գործել։

Իսկ այդ առավոտ մարդկային կյանքը կարծես, մեռել էր: Ոչ մի արարած չէր երևում Արծվանիկի շրջակայքում: Մինչև անգամ շինական խրճիթների ծուխը կարծես թե մարել էր։ Ի՞նչ էր պատճառը։ — Փոքր֊ինչ հեռու այդ գյուղից մարդիկ կռվում էին, հզորները արյուն էին թափում, իսկ տկարները երկյուղից փախել, թաքնվել էին անտառների մթության մեջ, որ իրանց կյանքը և կայքը ազատ պահեն հզորների բարբարոսությունից։

Մի մարդ միայն նստած էր իր ճգնարանի մուտքի հանդեպ, և տխուր խորհրդածության մեջ, ժայռերի բարձրությունից նայում էր դեպի շրջակա ձորերը։ Ահագին պեխի ծառի տերևախիտ ոստերը պահպանում էին ալևոր գլուխը արևի այրող ճառագայթներից: Երբեմն մի շողք ժապավենի նման ճյուղերի միջից ցոլանում էր նրա մույգ-պղնձագույն դեմքի վրա և ավելի որոշ կերպով արտահայտում էր երեսի տխուր գծերը։

— «Սպասիր ինձ»,— ասաց նա, ես սպասում եմ, բայց ինչո՞ւ այդքան ուշացավ...

Քառորդ ժամից հետո մի այլ ծերունի, ծառերից բռնելով, Ժայռերի վրա մագլցելով, ցած էր իջնում դեպի ճգնարանը։ «Էլ ոչ աղոթք պետք է և ոչ ծնրադրություն, ասում էր նա ինքն իրան,— այդ քարափներից ամեն օր իջնելը մի մեծ ապաշխարություն է...»

Լսելով նրա ձայնը, պեխի ծառի ստվերի տակ նստած մարդը, որը ոչ այլ ոք էր, եթե ոչ դերվիշը, վերկացավ, մոտեցավ եկվորին, սկսեց оգնել նրան, որ ցած չընկնի։ Եկվորը ներքինապետն էր։

— Դուք ինձ բավական սպասել տվիք, Ահմեդ,— ասաց նրան դերվիշը:

— Եթե դուք գիտենայիք պատճառները, չէիք մեղադրի ինձ,— պատասխանեց ներքինապետը։

Երկուսն էլ մտան այրի մեջ. այնտեղ ավելի ապահով էր, ոչ ոք չէր տեսնի նրանց։

— Հիմա պատմեցեք, ի՞նչ խոսեցիք խանի հետ,— հարցրեց ներքինապետը, նստելով խոտեղեն օթոցի վրա, որով ծածկված էր այրի հատակը։

Դերվիշը պատմեց, թե ինչ նպատակով էր կանչել իրան խանը, ինչ գուշակություններ արեց ինքը պատերազմի վախճանի