Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/53

Այս էջը հաստատված է

զոհերի վերջին բողոքը, վերջին մրմունջն էին արտահայտում...

Հասարակության ուշադրությունը այդ միջոցին դարձրած էր դեպի մի մանկահասակ պատանի, որ չկարողանալով դիմանալ կրակի զարհուրանքին, դուրս էր պրծել իր մոր գրկից և ընկած էր խարույկից հեռու։ Հանկարծ մի մարդ շուտ վրա հասավ, ջրով թրջած իր վերարկուն շտապով ծածկեց նրա վրա, և այսպիսով հանգցրեց նավթի բոցերով բռնկված նրա հագուստից կրակը: Հետ քաշելով վերարկուն, նա սկսեց խնամքով մերկացնել մանուկին, որովհետև կիսավառ հագուստը դարձյալ այրում էր նրա մարմինը: Մազերը և մինչև անգամ աչքերի թերթերունքը բոլորովին խանձված էին։ Պատանին ուշաթափության մեջ էր գտնվում, բայց կյանքի նշույլները իսպառ անհետացած չէին։ Երեսի կաշին այրված էր, իսկ մարմնի վրա երևում էին մի քանի մրկած տեղեր:

— Ի՞նչ պիտի անես այդ լակոտին, Ահմեդ,— հարցնում էին նրա շրջապատողները։

— Ես նրան կառողջացնեմ և ինձ որդի կշինեմ,— պատասխանեց ծերունի ներքինապետը ծանրությամբ։

— Գավուրի՞ն,— գոչեցին ամեն կողմից զզվանքով։

— Ես նրան մահմեդական կդարձնեմ։

Թեև ծերունի Ահմեդը հավատքով ծածուկ քրիստոնյա էր, բայց այդ խոսքը ասաց նա իր շրջապատողների մոլեռանդությունը չգրգռելու համար։ Լսելով թշվառ գյուղացիների արկածքը, նա շտապեց, եթե կարելի կլիներ, բոլորին օգնություն հասցնել, բայց մինչև իր գալը ամեն ինչ վերջացած էր... Նա կարողացավ ազատել այդ մանուկը միայն։

Բայց նրանից առաջ, երբ բոցերը ճարակում էին իրանց բոլոր դժոխային արհավիրքով, երբ զոհերը մրմնջում էին, երբ թանձր ծխի միջից լսելի էր լինում «գթությո՜ւն... գթությո՜ւ»... հառաչանքը,— նրանց մոտից անցան հայոց ժողովրդի երկու ներկայացուցիչները` մելիք Ֆրանգյուլը և մելիք Դավիթը։ Երկուսն էլ իսկույն հասկացան եղելությունը և այդ թշվառների հուսահատ անձնասպանության դրդիչ պատճառները։ Մելիք Դավիթի դեմքի վրա անցավ տխրության մի ամպ, նա ամբողջ մարմնով սոսկաց, սիրտը սկսեց դողդողալ և ոտքերը սկսեցին կարկամիլ։ Այդ խղճի և ցավակցության զգացմունքը չէր, որ այսպես շանթահարեց նրան. դա եղեռնագործի, դա չարագործի այն սոսկումն էր, որի գազանային խռովությունը անցնելուց հետո, հանկարծ տեսնում