Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/533

Այս էջը հաստատված է

նրա գագաթի վրա, սկսեց նայել դեպի իր շուրջը։ Լուսնի լուսով, այդ բարձրահասակ մարդը, իր երկայն, սպիտակ շապիկով, նկարված էր բլուրի գագաթի վրա, որպես մի սպիտակ արձան: Նա ականջ էր դնում, հետազոտում էր բոլոր ձայները, որ լսվում էին նրա շրջակայքում: Հետո կամաց-կամաց ցած իջավ բլուրից, բռնեց Արծվանիկի ճանապարհը, սկսեց առաջ ընթանալ:

Այժմ ավելի շտապով էր փոխում իր քայլերը. ստեպ նայում էր դեպի երկինքը, որպես մի մարդ, որ Ժամացույցը չկորցնելու համար շուտ-շուտ նայում էր Ժամացույցին: Քանի րոպեյից հետո նա անհետացավ մթին ձորերի մեջ:

Շտապով գնում էր նա: Այսպես անցավ մի քանի ձորեր, մի քանի բլուրներ: Հանկարծ կանգ առեց: Մի ձայն գրավեց նրա ուշադրությունը.

— «Եթե մինչև արևի ծագելը կարողանայի դուրս գալ այստեղից...»:

Այս խոսքերը գրավեցին նրան դեպի այն կողմը, որ կողմից լսում էին: Նա տեսավ մի մարդ, երկու ձեռքով գլուխը բռնած, թուփերի միջով սողում էր:

— Ո՞վ ես,— հարցրեց նրանից:

— Վիրավոր եմ:

— Տեսնում եմ, որ վիրավոր ես, բայց ես այդ չեմ հարցնում:

— Երբ վիրավորին տեսնում են, էլ ուրիշ բան չեն հարցնում, շտապում են օգնել:

Նրա պարանոցը ետևի կողմից կիսով չափ կտրված էր. արյունը դեռ հոսում էր. երիտասարդը երկու ձեռքով պինդ բռնել էր գլուխը, որ ցած չընկնի: Անծանոթը իսկույն դուրս բերեց իր մախաղի միջից մի քանի կտավիք և փաթաթեց վերքը: Արյունը դադարեց։

— Այդ դրության մեջ դու ինչպե՞ս հասար մինչև այստեղ,— հարցրեց անծանոթը,— Գիտե՞ս որքան ճանապարհ ես անցել։

— Գիտեմ, ավելի քան մեկ մղոն։ Այդ դրության մեջ էլ առաջ կգնայի, մինչև շունչս կտրվեր...

— Հիմա դու ինձ կասե՞ս, թե ով ես։

— Ես Մելիք-Փարսադանյան Բալի զորապետն եմ[1]:

  1. էր ընդ կոտորեայսն` նաև Բալի զօրավարն, որդի Մէլիք-Փարսանդին, որոյ պարանոցն կիսով չափ հատեալ ընկեցեալ էին ի բացի մերձ ի Խոտանան: Ուստի յետ սակաւուց իբրեւ ուշաբերեալ լինէր, կալեալ ձեռօք զգլուխն ի վերայ իւր երթայր մտաներ ի մացառս վայրացե մինչեւ ցմութ գիշերոյն, եւ ի գիշերի յուղի անկեալ գալը, ես յետ երից աւուրց ի Հալիձոև հասանէր: Պատմ. Դաւիթ-բէկին Եր. 41