Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/534

Այս էջը հաստատված է

— Լսել եմ քո անունը: — Ձեզ այստեղ թողնել չէ կարելի, ո՞ւր կցանկանայիք, որ տանեին ձեզ։

— Հալիձոր գյուղը, իմ հոր տունը։

Անծանոթը մտածության մեջ ընկավ. ինքը տանել, հասցնել վիրավորին իր հոր տունը չէր կարող, որովհետև այն ժամում նա ուրիշ ավելի կարևոր, ավելի անհրաժեշտ հոգսեր ուներ, իսկ այնպես անխնամ թողնել նրան, նույնպես չէր կարելի։ Վիրավորը, կարծես, նկատեց անծանոթի մտատանջությունը և ասաց նրան:

— Այդ անտառների, այդ մացառների մեջ անկարելի է, մեր զինվորներից չգտնվեն. աղետալի կռվից հետո մնացածները ցրիվ եկան այդ լեռների ծմակներում։ Իմ մոտ այնքան ձայնի ուժ չի մնացել, որ կարողանամ կանչել նրանց։ Դուք միայն ձայն տվեցեք «Բեկ», նրանք որտեղ որ են, կհայտնվեն, այս մեր այն գիշերվա նշանարանն է։

Անծանոթը թողեց վիրավորին, բարձրացավ մի ժայռի վրա, և մի քանի անգամ իր սուր, ձգական ձայնով կրկնեց նշանաբանը:

Ծառերի միջից հայտնվեցան երկու հոգի։

— Տարեք ձեր զորապետին, որտեղ ինքը ցանկանում է,— ասաց նրանց, ցույց տալով վիրավորին։ Նրանք մոտեցան և գրկերին զորապետին։

— Ես չի պիտի գիտենամ, թե դուք ո՞վ եք,— հարցրեց վիրավորը,— որ ձեր երախտիքը անմոռաց պահեմ իմ սրտում։

— Ես անուն չունեմ,— պատասխանեց անծանոթը.— ինձ կոչում են իմ կարգի անունով, ես մի դերվիշ եմ։

Դերվիշը հեռացավ և շարունակեց գնալ Արծվանիկի ճանապարհով։

Կռիվը սկսվեցավ վաղ առավոտյան, Եղվարդ գյուտի մոտ, Նարգիզների դաշտում։ Մելիք Ֆրանգյուլի գլխավոր դավաճանությունը նրանումն էր, որ նա թշնամու ուժերը անհամեմատ շատ փոքր էր ցույց տվել Թորոս իշխանին: Մինչև անգամ թաքցրել էր, որ Աղասի խանը (Ֆաթալի խանի կրտսեր եղբայրը) իր առանձին զորախումբով պիտի օգնե եղբորը։ Այսուաենայնիվ, հայոց զորքերը աներևակայելի հերոսությամբ կռվում էին, թեև թվով տասնապատիկ փոքր էին, քան թշնամու զորությունը։