Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/539

Այս էջը հաստատված է

դռդռաց. տերևները միմյանց զարկվեցան, իբր թե անտառների այդ անքուն հսկողը, մի ծառից թռչում էր մյուսի վրա։

— Տեսնում եք, կտցահարն է,— ասաց գզիրը և շարունակեց իր ընդհատված խոսքը.

— Դուք զբաղված էիք կռվի մեջ, չէիք նկատում, մելիք, Թորոսի ընկնելուց հետո, մինչև երեկոյան մութը պատելը, Ստեփաննոս Շահումյանը իր մարդիկներով պաշտպանվում էր։ Ես տեսա` պատերազմի ամենաջերմ ժամանակը, նրա ձին հրացանի գնդակից վերք ստացավ, ցած գլորվեցավ և իշխանին տակով արեց։ Այդ միջոցին մերոնք վրա հասան և գերեցին նրան։ Նրա երկու թիկնապահները` Ջումշուդը և Աղասին երկար կռվում էին, որ ազատեն իրանց իշխանին, բայց չկարողացան։

— Այդ բոլորը ես իմանում եմ,— ասաց մելիքը,— նրան հայոց մյուս գերիների հետ բերեցին մինչև խանի տունը, այնտեղ կալանավորեցին, բայց նրանից հետո ո՞ւր կորավ։

— Ո՞ւր պիտի կորչեր, շատ հասկանալի է, կամ ինքը հնար գտավ փախչելու, կամ ուրիշները փախցրին նրան։

— Վերջին կարծիքը ավելի հավանական է... և ես մեկի վրա կասկած ունեմ... անպատճառ նրա գործն է... նա կաշառած կլինի պահապաններին և փախցրած... թուրք պահապանը մի սև փողի համար հոգի կտա... Իսկ ամրոցի մեջ բոլորը զբաղված են խանի վերքով... այդ խառնակության մեջ, եթե գերիների կեսն էլ փախցնելու լինեն, ոչ ոք չի նկատի[1]։ Թող, աստված տա, խանը առողջանա, այն ժամանակ ես անպատճառ պատժել կտամ այն անզգամին, որ մի այսպիսի պատվական որսը մեր ձեռքից դուրս հանեց...

Մելիքի կասկածը, իշխանին փախցնելու վերաբերությամբ, տիկին Սյուրիի և ներքինապետ Ահմեդի մասին էր, որոնց գաղտնի հարաբերությունները իշխանի հետ նրան վաղուց արդեն հայտնի էին։

Մելիքը և իր ուղեկիցները բավական հեռացել էին խանի

  1. Եւ գոմանս ի նոցանէ (ի հայ գերելոց) կենդանի կալեայ. մեծա տանջանոք ի Բարգիւշատ ածին. ընդ որս էր եւ Ստեփաննոս Շահումյան: Եվ սուգ էառ Դավիթ (բեկ) ի վերայ քաջին Ստեփաննոսի, եւ այնքան զօրացն ի զուր տարապարտուց կորուսելոյ: Իսկ Ստեփաննոս իբրեւ ածեալ եղե ի Բարգիւշատ. հանդիպեցաւ անդ ի տան Խանին բարեսէր ոմն թուրք, որ գթացեալ ի նա փախոյց եւ իբրեւ ազդ եղե: Դաւթի զերծումն նորին, միխիթարեցւլ ի սգոյն: Պատմ. Դաւիթ. բէկի, եր. 40-41: