Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/54

Այս էջը հաստատված է

Է իր աչքի առջև անմեղ զոհերը... և նոր է հասկանում հանցանքի մեծությունը։ Իրանց անձը այրողները տաթևացիներ էին, մելիք Դավիթի կառավարությանը հանձնված հարստահարյալներ էին։ «Ուրացողը» այն աստիճան կողոպտել էր նրանց, այն աստիճան ծանրաբեռնել էր զանազան տուրքերով, որ վերջին ժամանակներում անկարող էին վճարել։ Չարագործը նախ սկսեց ծախել տալ նրանց տնային կարասիքը, անասունները, իսկ երբ դրանք էլ սպառվեցան, սկսեց այնուհետև վաճառել նրանց զավակները մահմեդականներին։ Մի այսպիսի բարբարոսության անկարող էր համբերել աղքատ և ապրուստի ամեն միջոցներից զրկված գյուղացին։ Նա սովորած էր ինչքի և կայքի հարստահարության, բայց իր սիրելի զավակների մահմեդական դառնալուն չէր կարող համբերել։ Նա ավելի բարվոք կհամարեր, որ նրանք մեռնեին, ոչնչանային, քան թե կրոնափոխ լինեին։ Մելիք Դավիթի անգթությունները կատարյալ գազանության էին հասնում։ Նա տանջում էր հայերին ավելի, քան մի թուրք, մի պարսիկ, կամ մի այլ մահմեդական։ Անճարացած ժողովուրդը կամենում էր դիմել խանին, հայտնել իր ցավերը և արդարություն պահանջել։

Ժողովուրդը հույս ուներ, որ բռնակալ խանի մեջ կգտնե ավելի գութ, ավելի մարդասիրություն, քան թե մի հայ դավաճանի մեջ, որ փառքի և պաշտոնի համար վաճառել էր մինչև անգամ իր կրոնքը։ Բայց խորամանկ մելիքը այնպես փակել էր բոլոր մուտքերը նրանց առջև, որ ոչինչ հնար չէին գտնում իրանց բողոքը հասցնելու խանի ականջին։ Սկսյալ ֆարրաշբաշիից մինչև վերջին ծառայողը կաշառված էին մելիքից, որ այդ գյուղացիներին թույլ չտան խանին մոտենալ։ Մի երկրում, ուր ամեն դատ կատարվում էր բերանացի, կամայական կերպով, ուր դատավորը մատչելի չէր ամենին, ուր ամեն գործ քննվում էր լոկ խոսքերով միայն,— այսպիսի հանգամանքներում դրանիկների բարեխոսությունը կամ նրանց չարախոսությունը, իհարկե, մեծ նշանակություն կարող էր ունենալ գանգատավորների վերաբերությամբ: Դրանիկները կարող էին դեպի ամեն կողմ ծռել դատավորի կամքը, որը միևնույն ժամանակ ժողովրդի տերն էր։ Դրանիկները կարող էին գործը այնպես սարքել, որ իշխանը ամենևին տեղեկություն չստանար, թե ինչ է կատարվում ժողովրդի մեջ: Չափազանց անկարգությունները կառավարության մեջ միշտ ծնեցնում են ծայրահեղ մեջոցներ նրանց բառնալու համար, այն է` ոչնչացնել անիրավ իշխանությունը արդարությունը վերականգնելու համար: