Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/544

Այս էջը հաստատված է

Գիշերային խավարը մի կողմից, խիտ ծառերի մռայլը մյուս կողմից, անտեսանելի էին կացուցանում նրանց։ Միայն մելիքի զգույշ ջորին կարողացավ նկատել դարանամուտների ներկայությունը, բայց նրա նախազգուշությունների վրա ուշադրություն չդարձրին։

Երբ չարագործի դիակը ձգեցին խրամատի մեջ, հետո իշխանը Ջումշուդի և Աղասիի հետ դիմեցին դեպի «Կարմիր վանքի» ավերակները։ Այդ ժամանակ նրանց պատահեց դերվիշը և անհամբերությամբ հարցրեց.

— Վերջացրի՞ք...

— Վերջացրինք...— պատասխանեց իշխանը։— Իսկ դո՞ւք...

— Մենք էլ վերջացրինք...— ասաց դերվիշը խորհրդավոր ձայնով, և սկսեց առաջնորդել նրանց դեպի «Կարմիր վանքի» ավերակները։

Այդ ավերակների մեջ կարող էր մի ամբողջ լեգեոն թաքնվել: Վանքի կիսավեր տաճարը, միաբանների բազմաթիվ խուցերից շատերը դեռ ամբողջ էին։

Խուցերից մեկի մեջ նստած էր այդ վանքը քանդողի գեղեցիկ կինը` Սյուրին։ Մոր ծնկների վրա գլուխը դրած, քնել էր տիկնոջ աղջիկը` Ֆաթիման։ Վաղուց կրակ չտեսած բուխարու մեջ ծխում էին մի քանի կտոր փայտեր, և տարածում էին իրանց աղոտ լույսը տիկնոջ անհանգիստ դեմքի վրա։ Նրա առջև կանգնած էր ներքինապետը և քաջալերում էր նրան.

-Մի՛ վախիք, տիկին, հիմա կգա նա... որտեղ որ է, շուտով կհայտնվի... նա չի ուշանա...

— Գուցե մինչև Նրա գալը...

Տիկինը չկարողացավ վերջացնել սոսկալի խոսքը։ Ներքինապետը հասկացավ նրան, և աշխատեց հանգստացնել.

— Ոչ ոք չէ նկատել ձեր ամրոցից դուրս գալը. հիմա այնտեղ ամենքը խանի վերքի վրա են մտածում, կանանոցը մնացել է բոլորովին անտեր. ո՞վ պետք է հասկանա, որ կնիկներից մեկը պակասել է։ Եթե տասն էլ պակասելու լինի, այդ կհասկանան, գուցե մի քանի օրից հետո։ Իսկ մեզ բավական է այս գիշերը միայն...

Տիկինը չէր վախենում. նա միայն զգուշանում էր։ Այն անսահման ուրախությունը, որ այժմ լցրել էր նրա սիրտը, չէր կարող տեղի տալ երկյուղի: Նա զգուշանում էր, մի գուցե զրկվեր այդ ուրախությունից։

— Մենք վատ տեղ ընտրեցինք...— ասաց նա։