Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/552

Այս էջը հաստատված է

Դավիթը տեսնելով ագուլեցոց անհավատարմությունը, ինքը անձամբ դիմեց Ագուլիս։ Նրա զորքը ամրացած էր Թոմա առաքելո վանքի մեջ, որ կարող էր բերդի տեղ ծառայել։ Ստուգելով մելիք Մուսայի դավադրությունները, Դավիթը նրան բռնել տվեց և հրամայեց գլուխը կտրել։ Բայց նա ազատվեցավ Մելիք-Փարսադանի աղերսանքով։

Քանի օրից հետո մելիք Մուսան բոլորովին մերկացրուց իր թշնամությունը։ Մինչ Դավիթը Թոմա առաքելո վանքի մեջ ամրացած էր, նա հավաքելով Ագուլիսի բնակիչներին, պաշարեց վանքը և սկսան հրացաններ արձակել, ստիպելով, որ Դավիթը թողնե իրանց քաղաքը։ Այդ հարձակումը գործվեցավ գիշերով։ Դավիթը հրամայեց յուրայիններին հանգիստ մնալ և հայի արյուն չթափել։ Միայն Մելիք-Փարսադանին ուղարկեց հանգստացնել ագուլեցիներին, խոստանալով, որ առավոտյան կթողնեն քաղաքը։ Բայց ագուլեցիք ավելի ևս խստացրին իրենց կատաղությունը և մինչև անգամ հրացանով սպանեցին Դավթի պատգամավորին, այն մարդուն, որ մի քանի օր առաջ ազատեց մելիք Մուսայի գլուխը Դավթի սրից[1]:

Բայց Դավիթը որքան բարեսիրտ էր, այնքան վրեժխնդիր և խիստ էր դեպի իր անհնազանդները։ նա թեև քանդելով վանքի պարսպի մի մասը, գիշերով դուրս եկավ քաղաքից, բայց մի քանի օրից հետո վերադարձավ, և երկու կողմից հրդեհելով քաղաքը, ահագին ավարով գնաց Հալիձոր։

Դավիթը այնուհետև զբաղվեցավ իր նոր իշխանության կարգադրություններով։ Մինչև այնօր խառնված լինելով անընդհատ կռիվների մեջ, նա ժամանակ չէր ունեցել որևիցե կարգ և կանոն դնել իր երկրում. ամեն ինչ կառավարվում էր վաղեմի նահապետական ձևերով։ Նա թողնելով հին սովորությունները, որոնք օրենքի զորություն էին ստացել, միայն ավելի կանոնավորեց նրանց,— երկրի բաժանմունքները կարգի դրեց, որոշեց մելիքների և տանուտերների իրավունքները և զորապետների պարտավորությունները,

  1. Ագուլեցոց մի այսպիսի օտարասիրությունը, որով նրանք ավելի բարվոք էին համարում այլազգիների լծի տակ տանջվել, քան իրանց ազգայինների հետ միանալ և ազատ ապրել,— նրանց այդ հիմար համառությունը և ատելությունը դեպի հայության գործը պատժվեցավ 1752 թվին, այսինքն 25 տարի հիշյալ անցքեն հետո, երբ Ազատ խանը պաշարեյով Ագուլիսը, բոլորովին ավերակ դարձրեց, և սրից ու հրից անցկացնելով, ավերակ դարձրեց, հափշտակելով ինչ որ գտավ, և բնակիչների մեծ մասը գերի վարեց։