Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/100

Այս էջը սրբագրված է

նրա վրա։ Նախանձը չափ չուներ այդ փառասեր Արծրունու սրտում, թեև նա արդեն հասակը առած և թառամած կին էր։

Ներքինապետի և տիկնոջ խոսակցության միջոցին, երբեմն դահլիճի դուռը աննկատելի կերպով շարժվում էր և նրա նեղ բացվածքից նայում էին երկու լուսափայլ աչքեր: Մեկը նախասենյակում լրտեսում էր։

Ներքինապետի հաղորդած տեղեկությունները որքան ուրախություն պատճառեցին տիկնոջը, այնքան ավելի ևս տրտմություն հարուցին նրա մեջ։ Նրա սիրտը ալեկոծվում էր, և ամբոխված գլխում պտտվում էին մթին խորհրդածություններ... Անպատեհ հյուրերի տարաժամ գալուստը այն աստիճան հանկարծակի և անակնկալ կերպով տեղի ունեցավ, որ ժամանակ չտվեց նրան կարգի դնելու և մի որոշ հետևանքի հասցնելու յուր խորհրդածությունները... Այժմ տատանվում էր նա սարսափհլի ծայրահեղությունների մեջ...

Նա կրկին դարձավ դեպի բանսարկուն, հարցնելով.

— Դու հաստատ գիտե՞ս, որ Մուշեղը գալու է ճաշի:

Ներքինապետի դեմքի վրա կրկին հայտնվեցավ զզվելի ժպիտը, և նրա անհանգիստ բիբերը ավելի լայնացան։

— Եթե քո խոնարհ ծառան մի բան հաստատ չգիտենա, չի ասի, — պատասխանեց նա և ձեռքը մտերմաբար տարավ ուղղելու գահավորակի վրա դրած բարձերից մեկը, որ փոքր-ինչ շեղվել էր յուր սովորական տեղից։

Դահլիճի դուռը կրկին շարժվեցավ, երկու փայլուն աչքերը կրկին շողացին բացված ճեղքից։ Երևում էր, որ այդ հետախույզ աչքերը դժվարանում էին դիտելու, թե ո՛վ էր տիկնոջ խոսակիցը, որովհետև գահավորակը, որի վրա նստած էր տիկինը, դրած էր դռան բոլորովին հակառակ կողմը, իսկ դահլիճը այնքան ընդարձակ էր, որ ձայների միայն անորոշ հնչյուններն էին հասնում մինչև նախասենյակը։

Տիկինը մտահույզ կերպով վեր կացավ նստած տեղից և յուր քայլերը ուղղեց դեպի կից սենյակը։

— Եկ ինձ հետ, Բագոս,— հրամայեց ներքինապետին։

Այդ կոկիկ սենյակը տիկնոջ առանձնարանն էր, որից մի դուռ բացվում էր դեպի նրա քնարանը, իսկ մի այլ դուռ` դեպի կանանոցի ետևի փոքրիկ բակը, որ զարդարած էր մշտադալար բույսերով։