Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/101

Այս էջը սրբագրված է

Առանձնարանի դուռը ներսից կողպեցին։ Դահլիճը մնաց դատարկ։

Այդ միջոցին դահլիճը մտավ նախասենյակի ունկնդիրը — օրիորդ Նվարդը։ Որպես մի մարմնացած զգուշություն, ուշիկ քայլերով անցավ նա փափուկ գորգերի վրայով և, ուշադրությամբ յուր շուրջը նայելով, մոտեցավ լուսամուտներում դրած ծաղկամաններին, հոտ քաշեց, մոտեցավ մետաղյա հայելուն, նայեց յուր գունաթափ դեմքի վրա, և ապա մոտեցավ այն դռանը, ուր ներս մտան տիկինն ու ներքինապետը։ Մի խուլ քրթմնջոց լսելի էր լինում ներսից։ Օրիորդը կամաց ականջը տարավ դեպի դռան փականքը: Շվարված աղջիկը շունչ անգամ չէր առնում, որ յուր լսողությունը չխանգարե։ Նրա ականջներին հասնում էին աղոտ շշնջյուններ միայն, որոնցից ոչ մի բառ որոշել չէր կարողանում։ Տհաճությունը խեղդում էր նրան։ Մի մթին, չարագուշակ բնազդմամբ զգում էր նա մի ինչ-որ դավադրություն, որ սարսափեցնում էր նրան։

Նա հեռացավ յուր բռնած դիրքից, որոնում էր մի առարկա գտնել, որ եթե տիկինը հանկարծ դուրս գալու լինի, իրան գործով զբաղված տեսնե։ Այդ միջոցին դահլիճի դռները շառաչմամբ ետ գնացին և ծտի նման ներս նետվեցավ փոքրիկ Վահանը — Սամվելի կրտսեր եղբայրը։ Շատ խաղալուց քրտնած, թշերը վարդ դարձած, ուրախ երեխան վազեց, փաթաթվեցավ օրիորդին և, նրանից մի համբույր ընդունելուց հետո, իսկույն բաց թողեց նրան, և թռավ գահավորակի վրա։ Մի ակնթարթում հավաքեց նա բարձերը, դրեց միմյանց վրա և, ձիու նման հեծնելով, սկսեց ոտներով խթահարել և ձեռքերով մտրակել յուր նժույգին, ուրախ-ուրախ կրկնելով՝ «չո՜ւ... չո՜ւ»... Երբ տեսավ, յուր անշնորհք նժույգը տեղից շի շարժվում, ձանձրացավ, և վայր ցատկեց գահավորակի վրայից, մի այլ խաղալիք գտնելու համար։ Չարաճճին խլեց ծաղկամանների մեջ դրած փունջերից մեկը։ Այդ միջոցին վրա հասավ օրիորդը և հազիվ կարողացավ նրա ձեռքից ազատել փունջը։ Բայց ծաղիկները բավական տրորվեցան։ Նկատելով, որ համառ երեխան հանգիստ չէ մնալու, օրիորդը բռնեց նրա ձեռքից, համարյա բռնությամբ դուրս քաշեց դահլիճից և դուռը ներսից կողպեց։ Նա մի քանի անգամ զայրացած կերպով ոտքով խփեց դռանը և հեռացավ։

Վահանի չարությունը թեև խլեց օրիորդից մի քանի թանկագին րոպեներ, բայց նրա համար մի գործ պատրաստեց, որի