Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/103

Այս էջը սրբագրված է

ծաղիկների տերևները, ծղոտները և թերթիկները, մի քանի անգամ վերջացրեց այդ գործը, բայց դարձյալ, ավելի մանրացնելով, ցրիվ տվեց հատակի վրա։ Այդ գործողությունը կրկնում էր նա, մինչև դուրս եկավ տիկինը։

—Այդ ի՞նչ է, այդ ո՞վ արեց,— հարցրեց նա, բարկացած աչքերով նայելով յուր շուրջը։

— Ո՞վ պետք է աներ,— պատասխանեց օրիորդը, շարունակելով հավաքել յուր ցրիվ տվածը.— ներս եմ մտնում, տեսնում եմ, որ Վահանը ամեն ինչ տակնուվրա է արել. հենց որ ինձ տեսավ, իսկույն փախավ։

— Ա՜խ չարաճճի,— բացականչեց զայրացած մայրը,— ե՞րբ պետք է խելքի գա այդ տղան։ Հիմա կարող են իսկույն մտնել հյուրերը և տեսնել այդ անկարգությունը։

— Ես իսկույն կհավաքեմ, տիկին, — ասաց օրիորդը, շտապեցնելով յուր աշխատությունը։

— Մինչև դու կհավաքես, կեսօր կդառնա. գնա, սպասավորներից մեկին ասա, որ գա ավելե այստեղ, իսկ ինքդ վազիր պարտեզը, մի նոր փունջ պատրաստիր, դրա տեղը դնելու համար։

Նվարդը շտապով դուրս գնաց։

Սպասավորները խմբված էին սեղանատանը, ծիծաղում էին, հռհռում էին, կատակներ էին անում և սեղանն էին պատրաստում։ Նրանց միջում խառն էր և պատանի Հուսիկը — նվարդի սիրելին։ Նվարդը հեռվից կանչեց մեկին և հայտնեց տիկնոջ հրամանը, իսկ ինքը վազեց դեպի պարտեզը։

նրան տեսնելով, Հուսիկի աչքերը վառվեցան։ նա հետևեց, թե դեպի որ կողմը գնաց օրիորդր, մանավանդ երբ նկատեց, որ խորամանկ աղջիկը մեկնելու միջոցին ձեռքը տարավ դեպի աջ ականջը։ Այդ նրանց մեջ մի պայմանական նշան էր, որի իմաստն այն էր, թե կանչում է նրան։

Հուսիկը ընկերների ուշադրությունը յուր վրա չդարձնելու համար` մի քանի րոպե սպասեց, հետո զգուշությամբ դուրս եկավ սեղանատնից։ Հեռվից տեսավ նա, որ օրիորդը գնում էր դեպի պարտեզը։ Ինքն ևս պտույտ տվեց մի այլ ճանապարհով, որ նույնպես դեպի պարտեզն էր տանում։

Նա գտավ յուր սիրուհիին վարդենիների թփերի մոտ, բայց ոչ այնպես ուրախ, որպես սովոր էր նրան հանդիպել այստեղ։ Նա դեռ նոր էր սկսել փնջել յուր փունջը։

— Երևի, ինձ համար է,— ասաց պատանին և մոտեցավ գրկելու նրան։