Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/108

Այս էջը հաստատված է

Մեսրոպը զբաղված էր զանազան կատակներով ծերունի Արբակի հետ, իսկույն չլսեց Սահակի առաջարկությունը։ Սահակը կրկնեց յուր առաջարկությունը։

— Խմենք, խմենք,— ձայն տվեց Մեսրոպը և դարձավ դեպի երգիչները.— երգեցեք մի նոր երգ։

Նրանք երգեցին Վահագնի գիշերային այցելության երգը դեպի Աստղկա ոսկյա ապարանքը, որ կանգնած էր Աստղոնից լեռան գագաթի վրա։

Մտավ Արփին, պատեց խավա՛ր,
Մութ խավարը գիշերին,
Նինջ ու թմբիր ցանեց Քունը
Լուռ և խաղաղ աշխարհին։

Լուռ է Նազիկ, ալիքները
Նազ-նազելով են ծըփում.
Որ նազանի Կույսի նիրհը
Չխանգարեն հատակում։

Լուռ է գետը — Արածանին
Ուշիկ հոսով է հոսում.
Որ Նըհանգի ծանր քունը
Չըվրդովե յուր խորքում։

Լուռ է անտառ, ոչ մի տերև
Չէ սոսափում, չէ շարժվում,
Զի Պարիկը նինջ է ննջում
Յուր մամռապատ անձավում։

Լո՛ւռ է երկինք, լո՛ւռ է գետինք,—
Ամենուրեք լռություն,
Խաղաղական քաղցր քնով
Քնած է ողջ բնություն։

Բայց Աստղոնից լեռան վրա
Դեռ հսկում է գիցուհին,
Քուն կամ հանգիստ մոտ չեն գալի.
Նրա կարոտ աչերին։

Նա տանջվում է յուր անկողնում,
Անկողնումը լուսապատ,
Եվ տարփալի հուր-աչերը
Հառած են դեպ Աշտիշատ։