Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/110

Այս էջը հաստատված է

յուր սենյակը, մի փոքր հանգստություն տալու բորբոքված սրտին։ Նա նստած էր դահլիճի մի հեռավոր բազմոցի վրա, և գլուխը խոնարհեցրած հենարանի վրա, կարծես թե նիրհում էր։ Բայց այդ ծանրացած գլուխը սարսափելի խռովության մեջ էր: Առանց նրա կամքը հարցնելու գինու աղմկալի բաժակներով նրա համար բարի ճանապարհ մաղթեցին։ Նա պիտի գնար դիմավորելու յուր հորը. նա պիտի գնար ընդունելու հայրենիքի դավաճանին... Բայց ի՞նչ սրտով գնար, ինչպե՞ս ընդուներ... Այդ դա՛ռն, հուսահատական մտքերը ալեկոծում էին նրան։

Տիկինը, շարունակելով յուր անսպառ հարցուփորձը, դարձավ դեպի Սահակը։ Հարցնելով, թե ինչպե՞ս գտավ նա յուր հայրենական կալվածքները։

— Ոչ բոլորովին գոհացուցիչ գրության մեջ, քեռակին,— պատասխանեց Սահակը, փոքր-ինչ շփոթվելով այդ անակնկալ հարցից։— Հեզ հայտնի են մեր գործակալների անպիտանությունները, թե ինչպես օգուտ քաղել գիտեն հարմար դեպքերից։ Հորս հետ պատահած դժբախտությունից հետո, նրանցից ոմանք, համարյա իրանց տեր կարծելով իրանց կառավարությանը հանձնված կալվածքներին, մինչև անգամ զլացան արդյունքները յուր ժամանակին հասցնել։ Մեծ աշխատություններ էին հարկավոր, մինչև այդ բոլոր անկարգությունները կհեռացնեի և գործերը կարգի կգնեի։

Պարթևը խոսքերի մեջ չբռնվեցավ։ Փորձիչը առաջարկեց մի այլ հարց.

— Դարձյալ գոհություն աստուծո, որ կարողացել ես փոքր ի շատե կարգի դնել։ Հիմա պետք է քեռիներիդ տանը հանգստանաս և նրանց ուրախություն պատճառես, սիրելի Սահակ։

— Շատ կցանկանայի, սիրելի քեռակին, բայց ցավում եմ, որ մի օրից ավել մնալ չեմ կարող։ Սաստիկ շտապում եմ...

— Ինչո՞ւ, գոնե պետք է մնաս մինչև Սամվելի հոր գալը. դու գիտե՞ս, թե ո՛րքան կուրախանա նա, երբ քեզ այստեղ կտեսնե:

— Բայց մեր տանը մեծ անհամբերությամբ սպասում են իմ վերադարձին։ Փոքրիկ Սահականույշը հիվանդ է։ Մայրը անմխիթար տրտմության մեջ է գտնվում. ուշանալ չեմ կարող, սիրելի քեռակին։

Տիկինը տխուր դեմք ընդունեց, թեև նա չէր հավատում ոչ փոքրիկ Սահականույշի հիվանդությանը և ոչ նրա մոր անմխիթար տրտմությանը, ինչպես չէր հավատում, որ Սահակը յուր կալվածական գործերը կարգի դնելու համար էր եկած Տարոն: