Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/111

Այս էջը հաստատված է

Նա դարձավ դեպի Մեսրոպը, որ այդ միջոցին կանգնած էր պատուհանի առջև և, ձեռքում բռնած ունենալով այնտեղ դրած արծաթյա անոթներից մեկը, նայում էր գեղեցիկ քանդակների վրա։

— Ինչպե՞ս վերջացավ ձեր վեճը օձնեցոց հետ, Մեսրոպ։

— Ես այդ մասին ամենևին չեմ էլ մտածում, տիկին,— պատասխանեց նա անփույթ կերպով.— ես այդ հոգսերը թողել եմ հորս վրա։ Օձերի հետ գործ ունենալը փոքր-ինչ դժվար է...

— Բայց հացիկցիք ևս պակաս չեն...— նկատեց տիկինը ժպտալով։

— Դրա համար էլ նրանց «կարճազատներ» են կոչում...— պատասխանեց Մեսրոպը ծիծաղելով։ Մեսրոպը Հացիկ ավանի տերը և միևնույն ժամանակ բնիկ այնտեղացի էր։ Օձ քաղաքի բնակիչների հետ հողերի սահմաններ որոշելու վեճ ունեին։ Օձեցիք ճանաչված էին որպես օձաբարո մարդիկ. իսկ հացիկցիք ստացել էին «կարճազատ» մականունը, որ նշանակում է կարիճի զավակ, կամ, փոխաբերական մտքով, չարաճճի, խայթող, թունավորող։ Տիկինը յուր ակնարկությամբ կամեցավ հեգնել երիտասարդ «կարճազատի» խայթող լեզուն, որովհետև օձնեցիք վայելում էին տիկնոջ առանձին խնամակալությունը և նրա անմիջական հովանավորության ներքո էին գտնվում։

Այդ փոքրիկ հանաքից հետո, որ տիկնոջը շատ հաճելի չթվեցավ, խոսակցությունը կրկին դարձավ Սամվելի ճանապարհորդության վրա։ Դրան առիթ տվեց այն, որ տիկինը, նկատելով որդու խռովյալ դրությունը, ցած իջավ յուր գահավորակից, մոտեցավ նրա բազմոցին և, ձեռքով փայփայելով նրա խիտ գանգուրները, հարցրեց.

— Ի՞նչ է պատահել քեզ հետ, սիրելիս, դու ճաշից հետո ինչ—որ տխրության մեջ ես գտնվում։

— Ոչինչ...— պատասխանեց Սամվելը, գլուխը վեր բարձրացնելով։ — Այդ ինձ հետ շատ է պատահում... մանավանդ չափազանց ուրախություններից հետո... Սեղանի վրա փոքր-ինչ ավելի խմեցի։

Տիկնոջ աչքին ընկավ որդու գունաթափ դեմքը։ Նա սոսկաց։

— Քո դեմքը քո մասին լավ վկայություն չէ տալիս, Սամվել, — ասաց նա դողդոջուն ձայնով.— դու, երևի, հիվանդ ես, քո երեսին գույն չէ մնացել, քո աչքերը վառվում են ինչ-որ տենդային կրակով... ես սարսափում եմ քո վրա նայելիս: