Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/118

Այս էջը հաստատված է

փոքր-ինչ հանգստություն տա հուզված սրտին։ Բայց քնել չկարողացավ:

Մայրը խոստացավ, թե ինքը կկազմե նրա ասպախումբը, որպես վայել էր մի Մամիկոնյան իշխանազնի, և ամենայն շքեղությամբ ճանապարհ կդնե հորը դիմավուրելու։ Ուրեմն այդ հոգսից ազատ էր նա։ Բայց հենց նրա մեջն էր գլխավոր հոգսը, որ այդ րոպեում նրա մտատանջության առարկան էր դարձել։ Մոր պատրաստած ասպախո՜ւմբը... մոր ընտրած մարդի՜կը... և ինքը պետք է գնար նրանց հետ... այսինքն, նրանք պետք է տանեին Սամվելին... պետք է տանեին հորը ուրախացնելու համար... և, որպես ոսկու և արծաթի մեջ զարդարված մի խրծիկ, պարսից բանակին ցույց տալու համար... և պարսից զորապետներին զարմացնելու համար... Այդ էր փառասեր մոր նպատակը:

Բայց Սամվելն ուներ յուր առանձին նպատակները... Եթե մայրը առաջարկելու ևս չլիներ, նա դարձյալ կգնար հորը դիմավորելու։ Բայց կգնար յուր մարդիկներով։ Նա չէր կարող գնալ մոր ընտրած մարդիկների հետ, որոնց հսկողության ներքո պետք է կաշկանդվեր նա։ Նա ցանկանում էր ունենալ յուր մարդիկը, յուր հավատարիմները։

Հենց այն առավոտը, երբ սուրհանդակը գուժեց նրան Տիզբոնից բերած բոթը,— հենց այն առավոտը նրա գլխում ծագեց մի մռայլ խորհուրդ... Այդ խորհուրդը հետզհետե աճում էր և կերպարանագործվում էր նրա մեջ... Եվ այդ խորհուրդը կատարելու համար անհրաժեշտ էր, որ նա յուր հավատարիմ մարդիկն ունենա յուր հետ...

Բայց Սամվելը չհակառակեց մորը, երբ նա հայտնեց, թե ինքը կկազմե նրա ասպախումբը։ Չհակառակեց, որպեսզի մորը կասկածանքի առիթ չտա։ Այժմ ինչպես պետք էր հաշտեցնել այդ երկու ծայրահեղությունները, որ թե մոր ցանկությունները կատարված լինեին, և թե ինքը յուր նպատակին հասած լիներ... Նա ոչինչ վճռել չկարողացավ։ Երկու ձեռքով պինդ բռնեց խռովահույզ գլուխը և աչքերը խփեց...

Նույն րոպեում և մայրը, յուր գահավորակի վրա պառկած, երկու ձեռքով պինդ բռնած ուներ յուր գլուխը և մտածում էր..

Բոլորովին մութն էր, երբ Հուսիկը ճրագը ձեռին ներս մտավ, զարթեցրեց Սամվելին։

— Ի՞նչ կա,-— հարցրեց նա, աչքերը տրորելով։