Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/121

Այս էջը հաստատված է

բարձրությունների վրա։ Այնտե՛ղ, այն սքանչելի աշխարհում: Ընծակա սրբանվեր սարը յուր գեղեցիկ ալիքներով նկարվում է Վանա ծովակի պարզ և պայծառ հայելվո մեջ։ Այնտե՛ղ լեռնային մարդը, դեռ յուր նախնական մորթեղեն հագուստով, երկար նիզակը ձեռին, թռչում է մի քարից դեպի մյուսը և հետամուտ է լինում արագավազ եղջերվին։

Այնտե՛ղ ծովակի ալեծուփ գրկում հանգչում է տենչալի կղզին — անմատչելի Աղթամարը, և այդ կղզու խաղաղ, մնջիկ առանձնության մեջ, որպես ծովակի դիցուհին, իշխում է Սամվելի նազելին։

«Սիրելի՜ Աշխեն,— բացականչեց նա խորին զմայլմունքով,— ես քոնն եմ հավիտյան... ես քեզ եմ պատկանում իմ սրտի, իմ հոգու բոլոր զորությամբ... Ծնողաց վայրենի խստասրտությունը, աշխարհի անգութ արգելքները չեն կարող քեզանից խլել այն, ինչ որ իմ սիրո բոլոր ջերմությամբ նվիրեցի քեզ։ Ոչինչ չէ կարող փոխարինել քեզ, ոչ փառք, ոչ մեծություն և ոչ արքաների թագը։ Դու ինձ համար ամեն ինչ ես, թանկագին Աշխեն։ Քո մեջն եմ գտնում իմ սրտի խաղաղությունը, քո մեջն եմ գտնում իմ վշտերի մխիթարությունը, քո անունը հիշելիս լռում է հոգսը, անհետանում է մռայլը, և իմ հոգու մեջ ծագում է ուրախության լուսապայծառ արեգակը։ Երբ թախծալի հուսահատությունը պաշարում է ինձ, երբ կանխահաս արհավիրքը թուլացնում է իմ ուժերը,— դո՛ւ ես ոգևորում ինձ քո աստվածային ներշնչությամբ, դո՛ւ ես կենդանացնում մեռած եռանդը և լքած հավատը։ Եվ այս րոպեում, երբ իմ հայրենիքը մեծ տագնապի մեջ է, երբ ամեն սրբություն, ամեն հաստատություն կործանվելու վրա է, երբ թշնամին յուր բոլոր անգթությամբ կանգնած է մեր գլխին,— ա՛յդ օրհասական րոպեում քո սերը, նազելի Աշխեն, որպես մի պահապան հրեշտակ, վառում է իմ սիրտը անձնազոհության հրով, մղում է ինձ դեպի վտանգը... դեպի կոտորածը... դեպի արյունը... Կանցնի՜ փոթորիկը, կլռե՜ զենքի շառաչյունը, կգա՜ երջանիկ օրը, և վաստակած զինվորը կհանգչի սիրած կուրծքի վրա...»։

Յուր խորին հափշտակության մեջ, չնկատեց Սամվելը, թե ինչպես դուռը կամաց բացվեցավ, և մեկը, ոտքից գլուխ փաթաթված սևագույն լայն սփածանելիքի մեջ, հայտնվեցավ սենյակում։ Մի մթին ուրվականի նման, հազիվհազ շարժվելով, անցավ նա պատերի մոտով և կանգնեց մի անկյունում։ Անկյունի կիսամռայլից երկար նայում էր նա հուզված երիտասարդի վրա և լսում էր նրա