Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/127

Այս էջը սրբագրված է

— Ես նույնպես չեմ տարակուսում,- ասաց Սամվելը.- ես այդ հոգսը աստուծո վրա եմ թողնում․․․

Նա դարձյալ մտածության մեջ ընկավ և րոպեական լռությունից հետո ասաց հեգնաբար.

— Դու մոռանում ես, Որմիզդուխտ, որ իմ հայրը և իմ քեռին առաջնորդում են պարսից զորքերին, նրանք գոնե ինձ կխնայեն․․․

— Հրամայված է ոչ ոքի չխնայել, ոչ բարեկամի, ոչ ազգականի,- պատասխանեց վշտացած կինը և սկսեց ավելի և ավելի թախանձել երիտասարդին, որ գոնե յուր անձը ազատելու համար թողնե, առժամանակ հեռանա դեպի մի կողմ, մինչև փոթորիկի անցնիլը։

— Այդ ես քեզ չեմ ներում, Որմիզդուխտ,- ասաց Սամվելը, ժպտելով բարեսիրտ կնոջ հոգածության վրա. - դու կամենում ես ինձ վատության սովորեցնել և, մի երկչոտ զինվորի նման, կովի միջոցին՝ փախչել պատերազմի դաշտից։

— Մտածի՛ր, Սամլվել, որ վտանգի մեջ է և այն էակի կյանքը, որին դու սիրում ես․․․- նկատեց տիկինը վշտալի ձայնով։

- Հենց նրա համար ես չպիտի հեռանամ կովի դաշտից․․․- ասաց Սամվելը և նրա աչքերը վառվեցան վրեժխնդրության բոցով։

Որմիզդուխտը մի առանձին նախանձով էր նայում այդ մարմնացած անձնազոհության վրա, որի մեջ այնքան վառ, այնքան անշիջանելի էին սիրո զգացմունքները։

— Ասա ինձ, Որմիզդուխտ,- խոսքը փոխեց Սամվելը,- այդ բոլորը, ինչ որ պատմեցիր ինձ, քո ներքինապետը յուր բերանով խոստովանվե՞ց քեզ։

— Ես նրա թղթերի միջից և մի նամակ գտա, - պատասխանեց տիկինը։

— Կարելի՞ է, որ այն նամակը ինձ ցույց տաս։

— Նամակը հենց ինձ հետ բերած ունեմ։

Նա դուրս հանեց յուր գրպանից մագաղաթի փաթոթը և տվեց Սամվելին։ Երիտասարդը նայեց նրա վրա, և փոքր-ինչ մտածելուց հետո, ասաց.

- Կարո՞ղ ես այդ նամակը ինձ մոտ թողնել։

- Ինչո՞ւ չէ, քեզ հարկավո՞ր էս։

— Բայց քո ներքինապետը չի՞ հարցնի, թե ինչ եղավ նամակը։

— Ծաղրո՞ւմ ես ինձ, Սամվել, նա ինչպե՞ս կհամարձակվի