Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/130

Այս էջը սրբագրված է

Յուր քնարանը մտնելուց հետո միայն՝ նա մի կողմ ձգեց դիմակն ու ծածկոցը և այնպես, առանց հանվելու, պառկեց յուր անկողնի վրա։ Հոգնած էր նա, հոգնած էր հոգվով, հոգնած էր և սրտով։ նա աչք ածեց դեպի յուր գեղեցիկ, զարդարուն շրջապատը։ Ոչ ոք չէր երևում։ Աղախիններից ոչ ոք չհայտնվեցավ։ Միթե ամենքը քնա՞ծ էին, միթե այդքան անցե՞լ էր գիշերից։ Այդ ավելի լավ էր. գոնե ոչ ոք չէր խանգարի նրան։ Նա բորբոքված երեսը թաքցրեց բարձերի փափուկ խորության մեջ, և այնպես երկար մնաց լուռ ինքնամոռացության մեջ։ Մի խուլ, սրտատոչոր մրմունջ երբեմն ընդհատում էր այդ խորհրդավոր լռությունը, և աչքերից հոսող ակամա հեղեղը թանում էր փափուկ բարձերը։ Ինչու էր լաց լինում նա,—ինքն էլ չգիտեր։ Լինում են այնպիսի րոպեներ, երբ սրտի և դատողության փոխադարձ հարաբերությունները խզվում են, և մարդ ինքն իրան հաշիվ տալ չէ կարողանում յուր անվերծանելի զգացմունքների մասին։

Նա գլուխը վեր բարձրացրեց և կրկին պղտոր աչքերով նայեց դեպի յուր գեղեցիկ շրջապատը։ Ցանկանում էր խոսել, ցանկանում էր թեթևացնել ամբոխված վշտերը։ Դարձյալ ոչ ոք չկար։ Միակ առարկան, որ փոքր ի շատե կենդանության նշույլ էր ցույց տալիս, էր ճրագը, որ վառվում էր արծաթյա աշտանակի վրա։ Երկար նայում էր նրա վրա և մտքով խոսում էր նրա հետ։ -Հո՛ւր, ջերմությո՛ւն և նյո՛ւթ, — ինքն յուր մեջ այրվում էր, ինքն յուր մեջ սպառվում էր... Այդպես էր նրա սիրտը։

Նա դարձյալ երեսը թաքցրեց բարձերի խորության մեջ, դարձյալ արտասուքը սկսեց վազել նրա աչքերից։ Ե Կից սենյակից լսելի եղավ մի ձայն, — նույնպես լացի ձայն։ Այնտեղ լաց էր լինում քնից նոր զարթաց զավակը, այստեղ լաց էր լինում անքուն մայրը։ Այդ ձայնը սթափեցրեց նրան,— այդ ձայնը հիշեցրեց նրան, որ նա մայր էր և ամուսին...

Նա ցաՆ իջավ մահճակալի վրայից, սրբեց աչքերը և շտապեց դեպի կից սենյակը։ Ծծմայրը քնած էր օրորոցի մոտ, չէր լսում երեխայի ձայնը։ Տիկինը զարթնեցրեց նրան։ Քնաթաթախ կիՆը գլուխը մեքենաբար վեր բարձրացրեց և կուրծքը մոտեցրեց երեխայի բերանին։ Երեխան լռեց։ Այժմ լսելի էր լինում նրա ախորժակով ծծելու մրմրչոցը միայն։

Տիկինը մայրական հիացմունքով կանգնած, նայում էր օրորոցի վրա։ Նրա մեջ դրած էր նրա հոգին, նրա սիրո անդրանիկ պտուղը։ Հանկարծ սոսկալով նկատեց, որ ծծմայրը գլուխը խոնարհեցրեց