Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/131

Այս էջը սրբագրված է

բեց օրորոցի դաստակի վրա և կրկին քունը տարավ։ Երկյուղը` խառն բարկության հետ` շարժեց նրա սիրտը։

— Դու միանգամ այդ երեխային կխեղդե՜ս,— ձայն տվեց նա և ոտով խթեց նրա կողքը:

Քնեած կնոջ սև դեմքի վրա փայլեցին նրա խոշոր աչքերի ճերմակ սպիտակուցները, և նա զգաստացավ։

— Ես քնած չէի...— ասաց նա և գլուխը դարձյալ խոնարհեցրեց դաստակի վրա։

Ծծմայրը խափշիկ էր։ Խափշիկի ջերմ կուրծքից բխած կաթը սննդարար է համարվում երեխաների համար։

Որտեղի՞ց որտեղ. — մայրը` պարսիկ, ծծմայրը` խափշիկ, իսկ երեխան` Մամիկոնյան իշխանազն...

Նա դեռ կանգնած էր օրորոցի մոտ, մինչև երեխան կշտացավ և քնեց։ Հետո խոնարհվեցավ, շղթունքը մոտեցրեց կլորիկ թշերին և հեռացավ, պատվիրելով ծծմայրին, որ արթուն մնա։

Կրկին դարձավ յուր քնարանը. փորձեց քնել։ Առանց աղախիններից մեկին կանչելու, ինքը հանվեցավ, մտավ անկողնի մեջ։ Փափկության մի ախորժելի գրգարան էր այդ շալեղեն և մետաքսեղեն ճոխ անկողինը, բայց այս զիշեր կարծես փուշերով լցված լիներ։ Նա անդադար շուռ էր գալիս մի կողքից դեպի մյուսը, բայց ոչ մի կողմում հանգստություն չէր գտնում։ Նրա ներսը ալեկոծության մեջ էր։ Խառն և անորոշ մտքերով ամբոխված էր նրա անմեղ գլուխը, որպես պարզ, լուսապայծառ հորիզոնը հանկարծ մռայլվում է ամպերի մթին կոհակներով։ Մտածում էր Սամվելի մասին, մտածում էր այն բախտավոր արարածի մասին, որին սիրում էր նա և, վերջապես, սոսկալով մտաբերեց յուր ներքինապետին և նրա վարմունքը...

«Արդյոք Սամվելը համոզվեցա՞վ, որ ես անմեղ եմ, արդյոք փարատվեցա՞վ նրա կասկածը իմ մասին»... մրմնջում էր նա, ներկայացնելով իրան այն տխուր րոպեն, թե ո՛րքան անախորժ տպա¬ վորություն ունեցան յուր հաղորդած տեղեկությունները վշտացած երիտասարդի վրա։ — «Նա այնքան։ բարի է, նա այնքան ազնիվ է, որ կներե ինձ, նա չի կասկածի, որ ես կամակից եմ եղել իմ ներքինապետի վատություններին... Բայց դրանով խո չէ սրբվում իմ մեղքը։ Ո՞ւմ առիթով մտավ այդ տան մեջ այդ նենգավոր մարդը, եթե ոչ իմ առիթով։ Ես բերեցի ինձ հետ այդ տան մեջ մի լրտես... Ոչ, ոչ, ես ոչինչ չգիտեի, ինձ հետ ուղարկեցին այդ լրտեսին.., Բայց դարձյալ հանցանքի ծանրությունը իմ վրա է ընկնում... Եվ