Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/135

Այս էջը սրբագրված է

րանի վրանում, այնտեղից նայում էինք հանդեսի վրա։ Թագավորը մեծ քահանայապետի և գլխավոր նախարարների հետ նստած էին առանձին վրանում, մեզանից փոքր-ինչ հեռու, և դիտում էին կատարվող մրցությունները, կատարվող խաղերը։ Հիշո՞ւմ ես այդ օրը:

— Հիշում եմ, — պատասխանեց ապշած պառավը։

— Հիշո՞ւմ ես և այն, երբ սկսվեցավ մականախաղը, երբ նախարարների երկաթապատ որդիները երկու հակառակ խումբերի բաժանվեցան, և երբ շառաչում էին մականները և փայտյա խոշոր գնդակները փոթորկի նման մի կողմից դեպի մյուս կողմ էին տարվում, այդ ջերմ մրցության միջոցին հայտնվեցավ մի օրիորդ ոսկեգույն նժույգի վրա նստած։ Հիշո՞ւմ ես այդ օրիորդին։

— Հիշում եմ,— պատասխանեց պառավը։

— Հազարավոր ձայներ` խուռն ծափահարությամբ` ողջունեցին նրա հայտնվիլը։ Թագավորը երկար ճոճում էր յուր թաշկինակը։ Նա հայտնվեցավ, ինչպես մի դիցուհի, և յուր հայտնվելով նոր ուժ, նոր ջերմություն ներշնչեց խաղին։ Գեղեցի՜կ էր այդ մանկահասակ օրիորդը յուր սքանչելի զրահավորության մեջ: Կուրծքը պատած էր պողովատյա ոսկենկար լանջապանով. պղնձյա փոքրիկ սաղավարտը շողշողում էր արևի ճառագայթներից, շողշողում էին և նրա ոսկեգույն գիսակները, որ ծածանվում էին երկաթի մեջ սեղմված թիկունքի վրա։ Նախշուն երեսակալի նեղ ճեղքից հազիվ երևում էին նրա լուսափայլ աչքերը և սևորակ, աղեղնաձև հոնքերը։ Հնչում էր փողը, որոտում էին թմբուկները և երկար, ծանր մականը նրա վարժ ձեռքում պտտվում էր, ինչպես մի թեթև փետուր։ Գեղեցիկ նժույգը, որպես մի օդագնաց թռչուն, ճախրում էր, ահագին ոստյուններ էր գործում, և քաջազնա օրիորդի մականի ճարպիկ հարվածներով գնդակը սլանում էր մինչև ասպարեզի վերջը...

Հիշո՞ւմ ես, թե ո՞ւմ հետ էր մրցում նա։

— Սամվելի հետ։

— Այո՛, Սամվելի հետ... Երբ վերջացավ խաղը, հայոց տիկինը (թագուհին) հրավիրեց նրան մեզ մոտ, մեր նստած վրանում։ Յուր ձեռքով նվիրեց նրանց առաջին մրցանակը — մի ոսկեղեն գեղաքանդակ թաս։ Նա մնաց մեզ մոտ, ճաշեց մեզ հետ և ճաշի ժամանակ երգեց մի երգ։ Հիշո՞ւմ ես այդ երգը։

— Հիշում եմ։

— Այդ մի լեռնական երգ էր, Հումայի։ Լեռնցի օրիորդը երգում էր յուր լեռների, յուր ձորերի երգը։ Նրա անուշիկ ձայնը հըն-