Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/137

Այս էջը սրբագրված է

Թրթռում էին և նրա կարմիր շրթունքները, որ ամուր սեղմված էին միմյանց հետ։ Նա դեռ շարունակում էր խոսել, բայց խոսում էր, ո՛վ գիտե, ում հետ, խոսում էր երազների հափշտակության մեջ, և նրա ձայնը չէր լսվում...

Պառավը ծածկեց նրան և մինչև լույս անքուն նստած, նայում էր յուր սնուցած սանիկի վրա, որ վառվում էր տապի և քրտինքի մեջ։ Եվ խեղճ կնոջ շիջած աչքերից արտասուքը մեղմ կաթիլներով գլորվում էր ցամաք երեսի վրա...


ԺԶ

ԻՆՔՆԱԿՈՉՆԵՐԸ

Գիշերից բավական անցել էր։ Մուշեղ իշխանի ապարանքում, միևնույն սենյակում, որ նրա ընդունարանն էր, հայոց չորս երիտասարդ մտածողները դեռ խորհրդի մեջ էին։ Սենյակի վարագույրները խնամքով իջեցրած էին, դռները ներսից կողպած էին, իսկ դրսում` երկու զինված պահակներ կանգնած էին նախասենյակի դռան աջ և ձախ կողմերում։

Մեսրոպը, ճրագի հանդեպ նստած, խորասուզվել էր յուր առջև դիզված թղթերի մեջ: Կարդում էր, ինչ-որ հաշիվներ էր անում, դարձյալ կարդում էր և երբեմն ձեռքը տանում էր դեպի հուզված ճակատը յուր տարակուսանքները փարատելու համար: Այդ թղթերի թվում գտնվում էր և այն նամակը, որ Որմիզդուխտը հանձնեց Սամվելին:

Սամվելը ոտքի վրա անցուդարձ էր անում և մի-մի անգամ մոտենում, կանգնում էր և ետևից լուռ նայում էր Մեսրոպի աշխատությունների վրա։

Մուշեղը մատներով անհանգիստ կերպով քրքրում էր յուր փոքրիկ մորուքը, որ, թավիշյա սև շրջանակի նման, բոլորում էր նրա այրական դեմքը։ Նրա սեգ ալքերի մեջ նշմարվում էր անհամբերության և խորին վրդովմունք։

Սահակ Պարթևը երբեմն վեր էր առնում յուր մոտ դրած գինու թասը և նրանով թրջում էր սրտի տապից ցամաքած շրթունքները։

Ամենքը սպասում էին Մեսրոպին։

Նա թղթերը տհաճությամբ մի կողմ նետեց և, դառնալով դեպի մյուսները, ասաց.