Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/140

Այս էջը սրբագրված է

ձեզ ներկայացրած նամակից երևում է, որ խստիվ պատվիրված է` կալանավորել բոլոր նախարարներին և վարել նրանց Տիզբոն, իսկ նրանց կանանցր, զավակներին, որպես գրավական, պահել առանձին բերդերում, սաստիկ հսկողության ներքո։ Այդ խստություններից կարող ենք մենք օգուտ քաղել։ Որովհետև այդ կստիպե նախարարներին, եթե ոչ հայրենիքի պաշտպանության համար, գոնե իրանց անձանց և ընտանիքների պաշտպանության համալ, միանալ մեզ հետ և դեմ դնել թշնամուն։

— Շատ հավանական է,— ասաց Մեսրոպը։ — Բայց մեր նախարարներից ոմանք այնքան երկչոտ են, բավական է, որ լսեն Շապուհի պատվերը իրանց մասին, նրանք իսկույն կառնեն իրանց ընտանիքները, կփախչեն դեպի հունաց կողմը, ապահովություն գտնելու համար։

— Այդ կարող է պատահել, — պատասխանեց Սամվելը։ — Թշնամին վճիռ է դրել չխնայել ոչ ոքի, ով որ կընդդիմանա։ Իսկ մենք պետք է վճիռ դնենք` չխնայել ոչ ոքի, ով որ խույս կտա։ Եթե մեր նախարարներից ոմանք այնքան վատ կլինեն, որ ընդհանուր վտանգի ժամանակ, միայն իրանց անձը և ընտանիքը պահպանելու համար, կփախչեն դեպի օտար երկիր, այդ դեպքում մենք առաջինը կլինենք, որ նրանց կմորթենք իրանց ամրոցների սյամի վրա...

Սահակ Պարթևը և Մուշեղը լուռ լսում էին։ Նրանք մի առանձին հրճվանքով էին նայում ոգևորված երիտասարդի վրա, որ ներկայանում էր նրանց առջև որպես մի մարմնացած վրեժխնդրություն։ Սամվելը առհասարակ մելամաղձոտ և սակավախոս բնավորություններից էր, բայց երբ սկսում էր խոսել, խոսում էր երկար և բավական գեղեցիկ։ Նա շարունակեց.

— Ուշադրություն դարձրեք, սիրելիք, իմ ձեզ ներկայացրած նամակի մի այլ կետի վրա, որտեղ հրամայված է` կալանավորել հայոց տիկնոջը և ուղարկել Պարսկաստան։ Մեր առաջին ջանքը պետք է լինի` ապահովել տիկնոջ անձը։ Կորցնելով նրան, մենք շատ բան կկորցնենք։ Նրա անունով պետք է գործենք մենք, նրա անունով պետք է շարժենք ժողովրդին։ Ես հավատացած եմ, որ տատանվող գահի վտանգը, թագավոր֊ամուսնի կորուստը, թագաժառանգ-որդուց զրկվիլը, այդ բոլոր դժբախտ արկածները, ավելի քան մեզանից ամեն մեկին, պետք է դրդեն տիկնոջը` այժմյան տագնապի մեջ պաշտպան հանդիսանալ Արշակունյաց կործանվող գահին: Եվ նա այնքան քաջություն ունի, որ կանե այդ։