Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/141

Այս էջը սրբագրված է

Մեսրոպը կրկին վեր առեց Որմիզդուխտի Սամվելին հանձնած նամակր, սկսեր լուռ կարդալ։

Նույն սենյակում պատից քարշ էր ընկած Մամիկոնյան Վաչնի պատկերը։ Իսկ պատկերի ներքև քարշ էր ընկած այդ հերոսի սուրը։ Սամվելր, վերջացնելով յուր փոքրիկ ճառը, մի առանձին պատկառանքով մոտեցավ պատկերին, վեր առեց սուրը և, դնելով Սահակ Պարթևի առջև, ասաց.

— Այդ սուրը այն քաջի սուրն է, որի արթուն հոգին ուշադրությամբ նայում է մեզ վրա, — նա ձեռքը տարավ դեպի պատկերը։— Քառասուն տարի հազիվ անցել է այն օրից, երբ պարսից հետ մղած արյունահեղ կռվի մեջ ընկավ այդ քաջը և յուր մահվամբ ամբողջ Հայաստանը սուգի մեջ դրեց։ Մամիկոնյան տոհմից ոչ ոք մնաց, որ ժառանգեր հայոց սպարապետության պաշտոնը։ Ամենքը ընկան նույն կռվի մեջ։ Մնաց միայն հանգուցյալի որդի Արտավազդը, որը դեռ մանուկ էր և երեխա։ Թագավորը (Խոսրով Բ) և քո պապ Վրթանես հայրապետը, Սահա՛կ. բերել տվին մանուկ Արտավազդին թագավորական արքունիքը։ Այնտեղ էին հայոց նախարարները, այնտեղ էր և հայոց բարձր ազատանին։ Թագավորը գրկեց մանուկին, իսկ մեծ հայրապետը վեր առեց հոր սպարապետական պատվանշանը և հանդիսավոր կերպով կապեց որդու գլխին, վեր առեց և հոր սուրը, օրհնելով, կապեց որդու մեջքին։ Հետո հանձնեցին մանուկին Շիրակա իշխան Արշավիր Կամսարականի և Սյունյաց Անդովկ իշխանի (որոնք երկուսն էլ Մամիկոնյանների փեսաներն էին) հոգաբարձությանը, որ խնամք տանեն, մինչև մեծանա և հոր սպարապետությունը ժառանգե։ Ահա՛ նույն սուրը դրած է քո առջև, Սահակ, քո պապի բերանով օրհնյալ սուրը։ Քե՛զ է վայելում, Սահա՛կ, որպես հայոց հայրապետական տան սրբազան ժառանգին, վեր առնել այդ սուրը և հանձնել իմ հորեղբոր որդի Մուշեղին, հրատարակելով նրան հայոց սպարապետ։

Վերջին առաջարկությունը խիստ սրտաշարժ էր։ Վեհազնյա Պարթևը չկարողացավ զսպել յուր արտասուքը։ Պատմության տխուր կրկնողությունը նույնն էր, ինչ որ քառասուն տարի առաջ։ Մամիկոնյան Վաչեն սպանվեցավ պարսից դեմ մղած կռվի մեջ, և Սահակի պապը — Վրթանես հայրապետը նրա անչափահաս որդուն սպարապետ հրատարակեց։ Մուշեղի հայրը — Վասակ սպարապետը — նույնպես սպանված էր պարսից Շապուհ արքայից։ Բայց Մուշեղը դեռ չգիտեր այդ։ Նա յուր հորը դեռ կենդանի էր համա-