Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/145

Այս էջը սրբագրված է

եղան գոնե մի սրող ավելի պահելու յուր համառ հյուրերին, որպեսզի ինքը փոքր ի շատե միջոց ունենար ապացուցանելու յուր բարեկամության և հյուրասիրության խորին մեծարանքը»։

Սամվելը գնաց նրանց ճանապարհ դնելու մինչև մերձակա իջևանը։ Նա պետք է վերադառնար երեկոյան։

Սահակի և Մեսրոպի գնալուց հետո, իշխան Մուշեղը մտածում էր փոքր ի շատե կարգի դնել յուր ընտանեկան գործերը, որովհետև նա ևս մի քանի օրից հետո պետք է թողներ Ողական ամրոցը։ Բոլոր ժամանակը նա յուր խելքով, յուր մտքով և յուր հոգու ամբողջ եռանդով հափշտակված լինելով միայն հայրենիքի գործերով, բոլորովին մոռացել էր յուր տունը։ Այժմ միայն ներկայացավ նրան մի նոր հոգս և մի նոր զբաղմունք։ Սպարապետի և զորավարի ինքնազոհությունը մաքառում էր նրա մեջ ամուսնի և ընտանիքի հոր զգացմունքների հետ։ Նա պետք է գնար։ Ո՞վ գիտե, գուցե այլևս չվերադառնար... Բայց ի՞նչ կլիներ յուր բացակայության ժամանակ անպաշտպան ընտանիքի դրությունը: Ո՞ւմ հանձներ, ո՞ւմ խնամակալության ապավիներ։ Նա պետք է գնար թշնամու հետ զարկվելու։ Բայց գլխավոր թշնամին հենց յուր տան մեջն էր։ Նա տարակույս չուներ, որ երբ կսկսվեր պատերազմի փոթորիկը, հենց ինքը, Սամվելի մայրը, կհանձներ նրա զավակներին, նրա կնոջը պարսից զինվորների ձեռքը, և նրանց կտանեին և, իբրև գրավական, կպահեին, հորը զինաթափ անելու համար:

Ապագան յուր բոլոր սարսափանքով ներկայանում էր նրա աչքում։ Նրան շատ հասկանալի էր պարսից արքունիքի խորամանկ կարգադրությունը, որով խստիվ պատվիրված էր՝ կալանավորել հայոց նշանավոր նախարարների ընտանիքները և պահել առանձին բերդերում։ Եվ այդ պետք է իրագործվեր Մերուժանի և Սամվելի հոր ձեռքով։ Նպատակը պարզ էր։ Նրանք լավ հաշվել էին, թե հայրերը բանակումը կլինեն, իսկ ընտանիքները տանը թողած։ Կալանավորելով ընտանիքներ, նրանց երկյուղով կսանձահարեն ծնողներին, զգալ տալով, թե ամեն մի հակառակ քայլ կարող էր նրանց զավակների և կանանց կյանքը վտանգի ենթարկել։

Որքա՞ն ավելի ուշադրություն պետք է դարձնեին Մուշեղի, որպես հայոց սպարապետի, ընտանիքի վրա։ Այդ մտատանջությունների մեջ տատանվում էր նա, երբ սենյակի դռները բացվեցան, ներս մտավ մի մանկահասակ կին, իսկ նրա ետևից աղախինը, որ գրկում բռնած ուներ մի կլորիկ երեխա։