Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/149

Այս էջը սրբագրված է

նրանց հրապուրանք և զվարճություն է պատճառում։ Կանցնեի՜ն տարիներ, հայրենիքի փափագը, սիրելյաց կարոտը, տաժանակիր աշխատանքը հալումաշ կանեին քո մարմինն ու հոգին, և մի օր մենավոր ճանապարհորդը կանցներ քո մոտով և ուշադրություն կդարձներ թշվառ կնոջ վրա։ Այդ ժամանակ քո գոռող վերակացուն, մատը դեպի քեզ մեկնելով, կասեր ուղևորին․ «Դա հայոց սպարապետի կինն է և Մոկաց իշխանի աղջիկը»․․․ Լսո՛ւմ ես, Սաթենիկ, թե ինչո՛ւ համար է կռիվը կամ ինչո՛ւ համար է արյունը, որ դրանք չլինեին։

Սաթենիկի մեջ եփ եկավ մոկացու արյունը․ նրա երկնագույն աչքերը վառվեցան, և նա բացականչեց խռովյալ ձայնով․

— Այդ երբե՛ք չէ կարող պատահել, որ իմ երեխային խլեին օրորոցից․․․ Մինչև այդ կատարվելը շատ դիակներ կծածկեին գետինը, իսկ իմը՝ կլիներ վերջինը․․․

— Կարող է պատահել, նազելի Սաթենիկ, - ասաց այրը տխուր ձայնով, - դժբախտության օրը շատ մոտ է․․․ Դու դեռ չգիտես, թե ինչ արհավիրք է պատրաստվում մեր աշխարհի համար․․․ Ես այս առավոտ հենց դրա վրա էի մտածում, երբ դու մտար ինձ մոտ։ Դու պետք է գիտենաս բոլորը, որպեսզի միասին խորհենք մեր ընտանիքի ապահովության մասին։

Նա մի ըստ միոջե պատմեց կնոջը Մերուժանի և Վահանի ուրացությունը, նրանց պարսից կրոնը ընդունելը և պարսից զորքերով դեպի Հայաստան արշավելը, նրանց կատարելու չարագործությունները, մի խոսքով, բոլորը, ինչ որ գիտեր ինքը և ինչ որ հարկավոր էր համարում, որ գիտենար կինը։

— Ամո՛թ, հազար ամո՜թ, - ձայն տվեց վշտացած կինը։ - Բավական չէին արտաքին թշնամիները, այժմ թշնամին մեր միջիցն է առաջ գալիս․․․

— Այո , մեր միջիցն է առաջ գալիս․․․ - կրկնեց Մուշեղը, գլուխը ցավակցաբար շարժելով,- և այդ պատճառով մենք, միևնույն ժամանակ, պետք է մղենք երկու պատերազմներ՝ արտաքին և ընտանեկան։ Արտաքին թշնամին, մեր դարևոր ոսոխը, պարսիկը այնքան վտանգ չէ սպառնում, որքան ընտանեկան թշնամին։ Իմ հորեղբայր Վահանը այնքան վատ գտնվեցավ, որ, իմ հոր սպարապետությանը հետամուտ լինելով, մատնեց նրան պարսից թագավորի ձեռքը և յուր հարազատի կորստյան գնով ստացավ նրա իշխանությունը։ Այժմ գալիս է նա։ Ես տարակույս չունեմ, որ այդ փոքրահոգին, պարսիկներին ավելի մեծ ծառայություն անելու