Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/15

Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔ



Ա

ԵՐԿՈԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐ

Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան ետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ։ Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երևում։ Երկինքը պատած էր մոխրագույն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դեպի Կրկուռ և Նեմրութ լեռների կողմերը և, այնտեղ կուտակվելով, թանձրանալով, միգային-սև կերպարանք էին ստանում։ Այդ կողմից երբեմն փայլատակում էր կայծակը, և լսելի էր լինում որոտման խուլ դղրդյուն, որ գուշակում էր հորդ անձրև։

Գիշերային այդ տագնապալի պահուն երկու ձիավորներ անցնում էին Մուշի դաշտով։ Նրանք գալիս էին հեռվից, շատ հեռվից։ Մի ամիս առաջ դուրս եկան Տիզբոնի երկաթյա քաղաքադռնից, անցան Խուժիստանի անապատները, անցան արևակեզ Ասորեստանը, անցան հայկական Միջագետը և մի օր առաջ ոտք դրեցին Մուշի դաշտի վրա։ Դրանք երկու սուրհանդակներ էին։

Երկու սուրհանդակներից մեկի ձին սևագույն էր, մյուսինը՝ կապուտակ։ Կապուտակ ձիավորը առաջինի ուղևորության մասին տեղեկություն ուներ, ամենայն զգուշությամբ հետևում էր նրան և երբեք յուր նկատողությունից բաց չէր թողնում։ Իսկ առաջինը չգիտեր, որ իրան հետևում են։ Այդ էր պատճառը, որ նրանք, երկու մոլորակների նման, թեև գնում էին միևնույն ուղղությամբ, բայց այնպիսի զուգահեռական գծերով, որ բնավ միմյանց չէին հանդիպում։ Երկուսն էլ ճանաչում էին միմյանց։