Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/152

Այս էջը սրբագրված է

Շահապիվանի սրբավայրերը շատ հեռու չեն Արտագերս ամրոցից, մեր բանակը դրված կլինի այնտեղ․․․

— «Այո՜ւ»․․․ «այո՜ւ»․․․ լսելի եղավ նախասենյակից փոքրիկ Մուշեղի ձայնը։

Այր և կնոջ խորհրդակցությունը ընդհատվեցավ։

Աղախինը ներս բերեց երեխային, ասելով, թե դրսումը չէ հանգստանում։ Մայրը առեց նրան յուր գիրկը։ փոքրիկ մարդը, որ ինքն էր գլխավորապես ծնողաց մտածության առարկան, ինքն ևս խանգարում էր նրանց մի որոշ եզրակացության հասնելու։

Տիկինը ակնարկեց աղախնին, որ հեռանա։

Երեխան, սողալով մոր գրկից, անցավ հոր գիրկը։ Նա բարձրացավ կլորիկ ոտների վրա և ձեռքը մեկնեց դեպի հոր երեսը, խաղում էր նրա փոքրիկ մորուքի հետ, երբեմն քաշքշում էր, երբեմն մատները տանում էր դեպի նրա շրթունքները։

— Շահապիվանի սրբավայրը, - կրկնեց Մուշեղը, - ամենահարմար տեղն է, որ դու հիշեցրիր ինձ, սիրելի Սաթենիկ։ Այնտեղ դու կգտնես, եթե ոչ մեր դժբախտ թագավորին, բայց անտարակույս մեր ավելի դժբախտ թագուհուն։ Քո ներկայությունը կմխիթարե նրան։ Այնտեղ է այժմ աարքայական ամբողջ բանակը։ Եվ թագուհու զորքերը այնտեղից պետք է միանան մեր ուժերի հետ, որ կենտրոնանալու են Արտագերս ամրոցում։ Ուրեմն վճռված է։

Հայրը դեռ չէր վերջացրել յուր խոսքը, երբ փոքրիկ Մուշեղը երկու անգամ փըռթկաց և յուր բարեգուշակ փըռթկալով կնքեց վերջին վճիռը․․․

ԺԸ

ՊԱՏԱՆԻ ԱՐՏԱՎԱԶԴԸ

Երեկոյան մութը բոլորովին պատել էր, բայց Սամվելը դեռ չէր վերադարձել Սահակին և Մեսրոպին ճանապարհ դնելուց։ Նրա սենյակում, միայնակ նստած, սպասում էր ծերունի Արբակը, իսկ սենյակի դռանը՝ ոտքի վրա սպասում էր պատանի Հուսիկը։ Երկուսն էլ կորցրել էին իրանց համբերությունը։ Իշխանը ուշացավ, բավական ուշացավ։

Ծերունին մի քանի անգամ վեր կացավ, ուղղեց ձիթային ճրագի