Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/153

Այս էջը սրբագրված է

պատրույգը, լույսը ավելացրեց, լույսը պակասացրեց, բայց այդ պարապմունքը բավական չեղավ նրան զբաղեցնելու, և ձանձրույթից սկսեց անկյուններում դրած նիզակներն ու զենքերը համբարեր։ Այդ հաշիվը, կարելի է ասել, նա հարյուր անգամ տեսել էր, բայց դաձյալ նորից ստուգում էր։

Պատանի Հուսիկը երբեմն ներս էր մտնում, մի որևէ հիմարություն էր ասում ծերունուն, բարկացնում էր նրան և դուրս էր գալիս։

Բայց իշխանը դեռ չերևաց։

Կրկին հայտնվեցավ Հուսիկը և, կանգնելով ծերունու առջև, երկու ձեռքերը կանթեց կողքերի վրա և մի առանձին հեգնությամբ ասաց.

— Գիտե՞ս, Արբակ, դրսումը ի՛նչ տե՛սա։

— Ի՜նչ տեսար, սատանա,- հարցրեց ծերունին, յուր խոժոռ աչքերը ուղղելով դեպի պատանու խորամանկ երեսը։

— Տեսա՝ մեկը մի քանի անգամ անցավ իմ մոտով։ Ես կուշ եկա պատի տակին, նա ինձ չտեսավ, և պտույտ տալով անցավ։ Նա պտտվում էր մեր սենյակների շուրջը և անդադար նայում էր դեպի այս կողմ և դեպի այն կողմ։ Երբեմն մոտենում էր, կանգնում էր լուսամուտի ներքև, ականջ էր դնում։ Եվ որպեսզի չնկատեն նրան, նա հեռանում էր և նորից մոտենում էր։ Երբ մի անգամ ևս հեռացավ, ես վազեցի դեպի խոհանոցը, այնտեղից վեր առի մի բավական խոշոր փայտի կոճղ, բերեցի, դրեցի ուղիղ այն գժի վրա, որտեղից նա մոտենում էր լուսամուտին։ Երբ կրկին անգամ եկավ նա, ոտը դիպավ կոճղին և մի լավ գլուխկոնձի տվեց բակի սալերի վրա։ Էլ չեմ իմանում, գլուխը կոտրեց, թե քիթը, բայց մի խոր «ա՜խ»-«վա՜յ» գոչեց և կաղկղալով հեռացավ։

— Չիմացա՞ր ով էր։

— Ինչպես չիմացա, ներքինի Բագոսն էր, տիկնոջ ներքինին:

— Այդ անպիտանին սպանելու է․․․ շան նման սատկեցնելու է․․․ - մռմռաց ծերունին զայրացած ձայնով։

— Նա յուր վարձը ստացավ․․․- պատասխանեց պատանին և դարձյալ դուրս եկավ սենյակից։

Ծերունին մնաց միայնակ։ Տխո՜ւր էր նա, տխո՜ւր, որպես արդար սրտմտություն։ Ամբողջ կես դար վկա էր եղել նա այդ տան լավ և վատ գործերին, տեսել էր նրա չարն ու բարին, ուրախացել էր նրա բախտավորության հետ, ցավացել էր նրա դժբախտությունների հետ,-բայց երբեք նրա սիրտը այնպես դառնացած չէր