Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/154

Այս էջը սրբագրված է

եղել, որպես այդ վերջին օրերում։ Նրան դեռևս բոլորովին պարզ չէր, թե ինչ է կատարվում յուր շուրջը, բայց մի խուլ ներքին բնազդմամբ զգում էր, որ լավ բան չէ կատարվում։ Մոր լրտեսները շրջապատում են որդու բնակարանը․․․ որդին մորից ծածուկ գործեր է կատարում․․․ գիշերներն անծանոթ անձինք մտնում են ամրոցը, դուրս են գալիս․․․ մարդիկ միմյանց ականջին են խոսում․․․ Ի՞նչ էին նշանակում այդ բոլոր կասկածոտությունները։ Ծերունին ինքն իրան հարց էր տալիս, բայց նրա պարզ և անկեղծ սիրտը մնում էր առանց պատասխանի։

Այդ մտահուզության մեջ նստած էր նա և խոժոռ դեմքով սպասում էր, մինչև նախասենյակում լսելի եղան ծանր ոտնաձայներ, դռները ետ գնացին, ներս մտավ Սամվելը, իսկ նրա ետևից՝ նրա երկու զինակիրները, որ կանգնեցին դռան աջ և ձախ կողմերում։

— Բարի երեկո, սիրելի Արբակ, - ասաց նա ուրախ ձայնով և մոտեցավ, ձեռքը դրեց ծերունու ուսի վրա, հարցնելով.- Երևի, երկա՞ր սպասել տվի քեզ։ Երիտասարդի ուրախ տրամադրությունը փոքր-ինչ վանեց ծերունու թախծությունները և նա, ծանրացած գլուխը վեր բարձրացնելով, հարցրեց․

— Ինչո՞ւ այդքան ուշացար։

— Հեշտ չէ բարեկամներից ու սիրելիներից շուտով բաժանվելը, հարդելի Արբակ, - կերանք, խմեցինք, համբուրվեցանք, բաժանվեցանք, դարձյալ մոտեցանք, դարձյալ համբուրվեցանք, և այդպես, կրկնելով ու կրկնելով, արևը մտացրինք, օրը մաշեցինք․․․

Նա դարձավ դեպի զինակիրները և ձեռքը շարժեց։

Նրանք գլուխ տվին և հեռացան։ Ներս մտավ Հուսիկը կանգնեց նրանց մեկի տեղում։

— Հիմա ասա, Արբակ, մորս մոտ եղե՞լ ես,-հարցրեց նա և անցավ, հոգնած կերպով պառկեց յուր գահավորակի վրա։

— Եղել եմ, - պատասխանեց ծերունին, - երկու անգամ։

— Ոչ, երեք անգամ,-ընդմիջելով ուղղեց Հուսիկը։

— Հա՛, մեղա աստուծո, երեք անգամ,- շարունակեց ծերունին, ծուռ կերպով նայելով պատանու երեսին․- մեկ անգամ առավոտյան, մեկ անգամ կեսօրին․․․

— Մեկ անգամ էլ երեկոյան,- ծիծաղելով ավելացրեց Սամվելը։