Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/155

Այս էջը սրբագրված է

— Հա՛, մեկ անգամ էլ երեկոյան, - կրկնեց ծերունին, զարմանալով, թե ի՞նչ մի ծիծաղելու բան կար այդ հաշվի մեջ։

Աամվելը փոքր-ինչ խմած էր, եթե ոչ, նա երբեք սովորություն չուներ կատակներ անել յուր դայակի հետ, որին չափազանց հարգում էր։ Նկատելով ծերունու վշտանալը, փոխեց նա յուր հեգնական եղանակը և բոլորովին լուրջ կերպով հարցրեց․

— Ուրեմն եղել ես մորս մոտ։ Դե՛, պատմիր, ի՞նչ պատրաստություններ է տեսել իմ ճանապարհորդության համար։ Ես առավոտյան պետք է գնամ, անպատճառ պետք է գնամ․․․

— Մորդ ցանկությունն էլ հենց այդ է, որ առավոտյան գնաս, - պատասխանեց ծերունին և, վեր կենալով յուր տեղից, մոտեցավ երիտասարդի գահավորակին, նստեց նրա ներքև, գորգի վրա, որպեսզի յուր ձայնը ավելի լսելի լինի։ — Նա ամեն ինչ պատրաստել է տվել քո ճանապարհորդության համար։ Հիսուն երիտասարդներ, միագույն-կապույտ նժույգների վրա նստած, ամենքը արծաթյա զեն ու զարդով, կուղեկցեն քեզ։ Տասն զույգ մույգ-դեղնագույն ջորիներ կտանեն վրանները, պաշարեղենը և հանդերձեղենի չամադանները։ Երկու սպիտակ ջորիներ կտանեն իշխանական կառքը: Քսան ոսկեգույն նժույգներ պատրաստ կլինեն իբրև հետևակներ։ Այդ նժույգների փառավոր ասպազենքը տիկինը յուր գանձարանիցն է ընտրել։ Բացի հիսուն երիտասարդ թիկնապահներից, քեզ հետ կլինեն յոթն զինակիրներ, յոթն բազեակիրներ, յոթն բարակապահներ (շնապահներ) և երկու խոհարար: Գինին, զանազան տեսակ օշարակներ, զանազան տեսակ քաղցրավենիք և անուշեղեններ, իրանց կարգով, դարսած են առանձին արկղերի մեջ։ Մոռացա ասել, որ հիսուն թիկնապահների թվում կլինի և մի սպա, որ կտանե իշխանական դրոշը, և մի խումբ թմբկահարներ ու փողհարներ։

Այդ հաշվի մեջ Արբակը չսխալվեցավ, որովհետև երբեմն նայում էր մի գրվածքի կտորի վրա, որ ձեռքում բռնած ուներ։ Երբ ավարտեց, Սամվելը նկատեց.

— Բավական փառավոր պատրաստություն է, միայն խի՞ստ ծանր է․․․ Ես կցանկանայի, որքան կարելի է, թեթև չիներ իմ ասպախումբը․․․

— Մայրդ ցանկացել է, որ քո հոր և քո անունին պատշաճ լինի քո ասպախումբը․․․ - պատասխանեց ծերունին մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր և նրա դառն տհաճությունը։

— Իսկ իմ մարդիկներից ո՞ւմ է նշանակել։