Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/156

Այս էջը սրբագրված է

— Ոչ ոքի։ Այդ թողել է քո կամքին, ումը կամենաս, կարող ես վեր առնել քեզ հետ։

— Իսկ դու, սիրելի Արբակ, չե՛ս գալու ինձ հետ։

— Արբակը քեզ ե՛րբ է միայնակ թողել, որ այժմ թողնի։ Նրա գլուխը պետք է այդ շեմքի տակ թաղվի։

Նա ձեռքը տարավ դեպի Սամվելի սենյակի շեմքը։

Պատանի Հուսիկը կանգնած էր պատի մոտ և յուր փայլուն աչքերով երբեմն նայում էր յուր տիրոջ վրա և երբեմն ծերունի Արբակի վրա։ Նա անհանգիստ էր և անհամբերությամբ սպասում էր գիտենալ, արդյոք յուր տերը իրան ևս կտանե յուր հետ։ Նրա ուրախությունն անչափ եղավ, երբ Սամվելը դարձավ դեպի ծերունին, ասելով․

— Շնորհակալ եմ իմ մորից, որ իմ մարդիկների ընտրությունը թողել է իմ կամքին։ Ես բոլորին պետք է ինձ հետ տանեմ։ Կհրամայես, սիրելի Արբակ, որ ամենքը առավոտյան պատրաստ լինեն։

— Ես արդեն պատվիրել եմ, - պատասխանեց ծերունին։ Այդ միջոցին առաջ անցավ պատանի Հուսիկը և կարմրելով ասաց․

— Մի խնդիրք ունեմ, տեր իմ։

— Խոսի՛ր։

— Իմ ձիու մի ոտքը պայտելուց կաղում է։

— Արբակը կհրամայե, որ իմ ախոռատնից քեզ տան այն ձին, որը դու հավանելու լինես։

Պատանու դեմքը փայլեց ուրախությունից։

Արբակը վեր կացավ։

— Ո՛ւր,- հարցրեց Սամվելը։

— Դեռևս պակաս բաներ շատ կան, գնում եմ կարգի դնելու․․․

— Շնորհակալ եմ, սիրելի Արբակ, ես առավոտյան վաղ, շատ վաղ պետք է ճանապարհ ընկնեմ։

Ծերունին գլուխը խորհրդավոր կերպով շարժեց և, առանց յուր ետևը նայելու, դուրս գնաց սենյակից։

Նրա հեռանալուց հետո, Սամվելը ավելի ուրախ էր։ Յուր ճանապարհորդության պատրաստությունները թեև ոչ բոլորովին, բայց մասամբ ավելի նպատակահարմար էին կարգադրված։ Նա այդքանն ևս չէր սպասում յուր մորից։ Նա սպասում էր փառավո¬ րություն, շքեղություն, բայց չէր սպասում, որ մայրը թույլ կտար