Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/162

Այս էջը սրբագրված է

մարդը, միայն նա՛ կարողացել էր յուր համար ճանապարհ բաց անել և մրցել վայրենի այծյամների հետ։

Տեղ-տեղ հաղորդակցությունը կտրում էին մթին, անթափանց անտառները։ Նրանց մեջ մարդիկ աճում էին հսկա ծառաստանի հետ, կերակրվում էին նրանց պտուղներով և իրանց սաղարթախիտ աշխարհի սահմաններից դուրս՝ մի այլ աշխարհ չէին ճանաչում։

Այդ անտառներին մերձենալիս մարդիկ այնքան չէին վախենում գազաններից, որքան նրանց մեջ որջացած բնակիչներից։

Լեռների և անտառների հորինած դժվարությունների պակասը, հաղորդակցության վերաբերությամբ, լրացնում էին գետերը։ Նրանք անցնում էին խորին, քարեղեն հատակի վրայով և երկու կողմից պարիսպների նման բարձր, ժայռոտ եզերքի միջով։ Սեղմված իրանց նեղ ափերի մեջ, կատաղությունից գոռում, գոչում, որոտում էին նրանք և փրփրագեղ հորձանքներով զարկվում էին անխորտակելի ապառաժներին, որ փոքր-ինչ լայնացնեն իրանց ուղին, որ փոքր-ինչ ազատ ընթացք ստանան։ Երասխի ահարկու «սահանքները» ամեն մի ճանապարհորդի վրա սարսափ էին ձգում։

Լեռների և ձորերի անձկության մեջ հայոց գետերը անհամբեր էին նավարկության։ Նրանք թույլ էին տալիս իրանց վրա նավակներ այն ժամանակ միայն, երբ դուրս էին գալիս կիրճերի և փապարների խորքից, երբ ընթանում էին հարթ դաշտերի միջով և երբ խաղաղ ու հանդարտ հոսանքով մոտենում էին ծովերին։

Հայոց գետերի հինգ մեծամեծ նպհապետները-Տիգրիս, Եփրատ, Կուր, Երասխ, Փասիս-անհամբեր էին և կամուրջների արհեստը դեռ անզոր էր զսպել նրանց յուր հոյակապ կամարների ներքո։ Այդ էր պատճառը, որ Օգոստոս կայսրի կառուցած կամուրջը Երասխի վրա համարվեցավ մի հրաշալիք, որ առիթ տվեց Վիրգիլիոսի երգերին։ Իսկ պարսից Կյուրոս թագավորի կառուցած կամուրջը նույն գետի վրա համարվեցավ աստուծո գործ։ Արտաշատ քաղաքի մոտ գտնվող ամենահին կամուրջը, որ կոչվում էր Տափերական, սկզբում տոփերի մի շարվածք էր, որ պահվում էր միայն գետի խաղաղ ժամանակը:

Հաղորդակցության ոչ սակավ արգելք էր լինում ձմեռը՝ Հայոց աշխարհի երկարատև ձմեռը։

Դեռ հոկտեմբեր ամսում շատ տեղերում, մանավանդ բարձրավանդակների վրա, թանձր ձյունը ծածկում էր հովիտները, լցնում էր