Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/164

Այս էջը սրբագրված է

հալեցրած ձյունից, իսկ անասունների համար ճարակ չէին գտնում։

Գարնան արեգակը բերում էր յուր ջերմության հետ հեղեղներ։ Պղտոր, աղմկալի վտակներով լցվում էին ձորերը և հաղորդակցությունը ավելի դժվարանում էր։ Այդ ժամանակ, սարերի ստորոտներում, սպիտակ, ձյունապատ տափարակները սկսում էին հետզհետե սևանալ և ապա ծածկված էին սքանչելի կանաչազարդությամբ։ Ծիծեռնակի ձայնի հետ՝ լսվում էր նորածին գառնուկների պառանչը։ Հովիվները իրանց վրանները զետեղում էին ծաղկազարդ արոտամարգերի վրա։

Ժամանում էր ամառը։

Սարերի ներքևում, տափարակների վրա հասունանում էր նուռը, թուզը, ձիթենին։ Ոսկեգույն սաթի նման փայյում էին խաղողի ողկույզները։ Եվ շիկահեր կույսի գիսակների նման ծփում, ծածանվում էին ծանրացած հասկերը։ — Իսկ այնտեղ, վերևում, բարձրությունների վրա, դեռ նկարված էին ճերմակ գագաթները, և լայն, թանձրախիտ շերտերով մնում էր անշարժ, սառնամանիքը ապառաժների հավիտենական խոռոչների մեջ։

Հովիտների մեջ, ցած և դուրան տեղերում ամառային տոթն ու տապը ավելի անտանելի էր լինում, քան ձմեռնային ցուրտը։ Արեգակը այրում էր, երկինքը կրակ էր թափում։ Մարդիկ, որ սովորած էին ձմեռվա ցրտից պատսպարվելու համար թաքչիլ գետնափոր խրճիթներում, այժմ արևի կրակից ազատվելու համար իրանց անասունների հետ հեռանում էին դեպի լեռների հովասուն բարձրությունները։ Եվ այսպես, յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարվում էր մի տեսակ գաղթականություն - ջերմից դեպի ցուրտը, իսկ ցրտից դեպի ջերմը։ Բայց ամեն մի հասարակություն յուր գավառի սահմաններից չէր դուրս գալիս։

Բնության այս տեսակ խիստ, միմյանցից տարբեր և միմյանց հակառակ ծայրահեղությունները ստեղծեցին նույնպես խիստ և ծայրահեղ բնավորություններ։ Այդ էր պատճառը, որ հայոց աշխարհ ի բարքը, վարքը։ սովորությունները, կենցաղավարության եղանակը և առհասարակ նրա հասարակական կազմակերպությունը յուր բոլոր երևույթներով՝ հետևանք էր երկրի բնական պայմանների։

Գետերը, մեծամեծ լճերը, լեռնային շղթաները՝ իրանց բազմաթիվ ճյուղավորությամբ՝ կտրատեցին երկրի մակերևույթը, ստեղծելով բազմաթիվ մանր մասնիկներ, որոնց յուրաքանչյուրը