Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/166

Այս էջը սրբագրված է

երկրի սահմանագլուխները պահպանելու վերաբերությամբ։

Առհասարակ Հայաստանի սահմանների մոտ եղած նախարարությունները ավելի ընդարձակ և ավելի զորեղ էին, քան թե կենտրոնում կամ, որպես կոչվում էր, միջնաշխարհում գտնվածները։ Սահմանագլխի նախարարներից ոմանք տիրում էին մի քանի գավառների։

Նախարարական տներից շատերը վայելում էին առանձին արտոնություններ՝ թե կառավարության գործերում և թե թագավորի արքունիքում։ Օրինակ, թագավորի երկրորդականը ընտրվում էր Մուրացան նախարարությունից, թագավորի հանդիսավոր թագադրության օրում թագադիր ասպետը ընտրվում էր Բագրատունյաց նախարարությունից, թագավորի պալատի ներքինապետը ընտրվում էր Մարդպետական նախարարությունից, զորքերի ընդհանուր սպարապետը ընտրվում էր Մամիկոնյան նախարարությունից։ Կային այլ նախարարություններ ևս, որոնց արտոնական պաշտոններն էին զանազան պալատական ծառայություններ։

Ամեն մի նախարարություն, առանձին վերառած, մի ամբողջական իշխանություն էր։ Իշխում էր տոհմի ավագը, որ կոչվում էր նահապետ կամ տանուտեր: Իսկ նախարարական տան մյուս ժառանգները միայն վայելում էին երկրի հասույթները՝ կամ թոշակներով և կամ հողային բերքով։ Դարերի ընթացքում իշխանական գերդաստանի անդամների թիվը հետզհետե բազմանալով, շատ հասկանալի է, որ երկրի հասույթները անբավարար կլինեին գոհացնելու բոլորին։ Այդ դեպքում խիստ հաճախ էր պատահում, որ նախարարները նոր տիրապետություններ էին անում, խլելով իրանց դրացիների հողերը։ Ներքին կռիվը և արյունահեղությունը անցնում էր սերունդից սերունդ, որ շատ անգամ պատճառ էր տալիս ամբողջ նախարարական տոհմերի բնաջինջ լինելուն։ Տրդատի վախճանվելուց հետո, Բզնունյաց, Մանավազյանց և Որդունյաց նախարարները, միմյանց հետ պատերազմելով, համարյա թե ոչնչացրին միմյանց ցեղերը։

Թագավորը, ըստ կալվածական ժառանգության, համարյա մի մեծ նախարար էր։ Նա սեփականել էր իրան ամբողջ Արարատը - երկրի սիրտը։

Արարատը, որպես արքայական կալվածք, անբաժանելի էր։

Արարատում բնակվում էր թագավորը և թագաժառանգը միայն։ Իսկ արքայական տան մյուս ժառանգներից ոչ ոք իրավունք