Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/167

Այս էջը սրբագրված է

չուներ Արարատում բնակվելու։ Նրանց համար որոշված էին առանձին գավառներ։ Դա Արշակունիների մեջ օրենք էր։

Հաշտենից, Աղիովտի և Առբեր անի գավառները իրանց բոլոր հասույթներով հատկացրած էին թագավորազների կեցության համար։ Այդ երեք գավառներում նրանք այնքան բազմացել էին, որ հողերը մինչև անգամ անբավական էին նրանց վայեյչությունները գոհացնելու համար։ Այդ պատճառով միշտ բողոքում էին, թե իրանց տեղը նեղ է, և թագավորից նոր հողեր էին խնդրում։

Հայոց պատմության մեջ մի նշմար անգամ չենք տեսնում, որ Արշակունի թագավորազնները կառավարության որևէ պաշտոնում ընդունվեին։ Նրանց չենք տեսնում և զինվորական ծառայության մեջ։ Նրանք դատապարտված էին մշտական անգործության։ Նրանց ընծայել էին ընդարձակ գավառներ, տալիս էին գանձարանից առատ ռոճիկներ, որ վայելեն, որսորդություններով և զանազան զվարճություններով զբաղված լինեն և մի այլ փառասիրության չձգտեն։ — Այդ՝ յուր ժամանակի քաղաքականությունն էր, որպեսզի գահին հետամուտ չլինեն։ Ապրելով բոլորովին մեղկ և աննպատակ կյանքով, նրանց մեջ սպանվում էին ամեն բարձր և քաջազնական գաղափարներ։

Եվ այդպես, թագավորը սեփականել էր իրան Արարատը և թագաժառանգի հետ բնակվում էր այնտեղ յուր մայրաքաղաքում։ Մյուս թագավորազները իրավունք չունեին Արարատում բնակություն հաստատելու։ Նրանց համար նշանակված էին առանձին գավառներ։

Արշակունի թագավորազներից մեկը միայն, Արշակ Բ-ի եղբոր որդի Գնելը համարձակվեցավ բնակություն հաստատել Արարատում (Արագած լեռան ստորոտում) և յուր վարմունքով գրգռեց Արշակի կասկածանքը և նույն կասկածանքին զոհ դարձավ․․․

Թագավորազների բազմանալը մի կողմից, նախարարությունների բազմությունը մյուս կողմից, գրավել էին երկրի մեծ մասը և սպառում էին նրա արդյունքները ի վնաս արքունի գանձարանի։

Թագավորին մնացել էր մի գավառ միայն - Արարատը։

Մի այսպիսի պետական կազմակերպության մեջ, երբ ուժը հողի ընդարձակության և հողի վրա ապրող բնակիչների բազմության չափովն էր չափվում, շատ հասկանալի է, որ նախարարների հավաքական զորությունը ոչ միայն կարող էր ճնշում գործ դնել թագավորի վրա, այլ նրա վիճակը ամեն րոպե կարող էր յուր ձեռքում պահել։ Զորք ամեն մի նախարար ուներ, և ոմանց զինվորական