Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/169

Այս էջը սրբագրված է

զվարճալի ափերի մոտ հիմնեց Դվին քաղաքը, յուր արքունիքը տեղափոխեց այնտեղ, իսկ քաղաքից ոչ այնքան հեռու, Ազատ գետի ամբողջ հովիտը ծածկեց ձեռատունկ անտառներով, որ կոչեց յուր անունով Խոսրովակերտ։ Այդ անտառները լցրեց զանազան տեսակ որսի անասուններով։ Այդ անտառների մեջ հիմնեց այն շքեղ ապարանքը, որ կոչվում էր Տիկնունի։ Գեղեցիկ տիկինների մի դրախտ էր այդ հրաշալի ապարանքը յուր հովանավոր ծառաստանով և յուր մշտանվագ ցնծություններով։ Այնտեղ պատրաստ էր նախարարների համար ամեն տեսակ բավականություն, ամեն տեսակ զվարճություն։ Այնտեղ հրապուրանքը, պալատական մեղկությունը մաշում, սպանում էր ամեն տիրապետական զգացմունք։ Իսկ այդ երկար չտևեց։ Խոսրովի մահից հետո նրա հղացած գաղափարը յուր հետ մեռավ։

Խոսրովի որդի Տիրան Բ-ը հոր խաղաղ քաղաքականությանը չհետևեց։ Նա անխնա ձեռքով կոտորել տվեց մի քանի նախարարական ցեղեր և մանավանդ երկու ավագ նախարարությունների տոհմեր, որպիսիք էին Արծրունիները և Ռշտունիները։ Կոտորածի միջոցին Մամիկոնյան երկու եղբայրներ, մերկ սրերը ձեռներին, հարձակվեցան դահիճների վրա և կարողացան ազատել երկու տոհմերից երկու մանուկներ միայն՝ Շավասպ և Տաճատ: Տիրանը այդ ներքին կռիվը ավելի առաջ տանել չկարողացավ, որովհետև նրա թագավորությունն ևս հոր նման կարճատև եղավ-11 տարի։ Իսկ յուր վարմունքով առիթ տվեց նա նախարարների իրանից հեռանալուն և յուր լքյալ և անօգնական մնալուն։ Այդ անպաշտպան դրության հետևանքը եղավ նրա պարտությունը՝ նախ հռոմայեցիներից և ապա պարսիկներից։ Վերջինները զրկեցին նրան թե աչքերից և թե գահից։

Տիրանի որդի Արշակ Բ-ը վճռեց վերջացնել այն, ինչ որ սկսել էին յուր նախորդները։ նա բացարձակ պատերազմ հայտնեց նախարարների դեմ։ Բայց նախքան պատերազմը սկսելը նրան հարկավոր էր մի ամուր նեցուկ, որի վրա հենվեր նա, այլ խոսքով, նրան հարկավոր էր մի զորեղ կուսակցություն։ Նախարարներից անհնար էր այդ կուսակցությունը ստեղծել, որովհետև բոլոր նախարարները միաբանված էին նրա դեմ։ Իսկ Արարատը միայնակ բոլոր նախարարների հետ մաքառելու չափ ուժ չուներ։ Հանճարեղ թագավորը մտածեց յուր կողմը ձգել եթե ոչ ամբողջ ժողովուրդը, գոնե նրա միջի դժգոհներին,- նրանց, որ հալածված և տանջված էին նախարարներից։ Այդ նպատակով հիմնեց